ՆԱՏՕ-ի Պաշտպանական կրթության զարգացման ծրագրի փորձագետների խմբի անդամ, ԱՄՆ-ի Պաշտպանական ազգային համալսարանի Տեղեկատվական ռեսուրսների կառավարման քոլեջի կրթական ծրագրերի գծով դեկան Մերի ՄկՔալլին և Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի խորհրդի անդամները հունիսի 30-ին այցելեցին ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան:
Հյուրերին ընդունեց ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի նախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը: Նա ներկայացրեց ԱՌՀԻ-ի հիմքի վրա համալսարանի ստեղծման գործընթացը, համալսարանի առաքելությունը, նպատակն ու հիմնական խնդիրները: Գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը նշեց, որ համալսարանը ստեղծվել է երկու հիմնական փուլերով. հետազոտական բաղադրիչի՝ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի հիմնադրում, ապա՝ դրա զարգացման հենքի վրա, կրթական բաղադրիչի ձևավորմամբ և հետազոտական ու կրթական գործունեությունների կամրջմամբ, միասնական գիտակրթական հաստատության՝ հետազոտական համալսարանի կազմավորում:
Տարածաշրջանում նման բնույթի միակ համալսարանի նպատակն է՝ պետության ռազմաքաղաքական ղեկավարության համար պաշտպանական անվտանգային հետազոտությունների կատարումը և դրանց արդյունքում ձևավորված նյութերի դասավանդմամբ՝ նոր սերնդի առաջնորդների պատրաստումը՝ վերապատրաստման դասընթացների, մագիստրոսական կրթության, ասպիրանտուրայի և դոկտորանտուրայի միջոցով: Համալսարանը պաշտպանության առանցքի շուրջն է համախմբելու պետության պաշտպանական-անվտանգային միջգերատեսչական մտավոր-փորձագիտական ներուժը: Ըստ այդմ, Համալսարանի գիտակրթական ռեսուրսը ձևավորված է հիմնականում բարձր որակավորում ունեցող երիտասարդ մասնագետներով, որոնք, գտնվելով միջազգային հեղինակավոր մտավոր կենտրոնների հետ ստեղծագործական համագործակցության մեջ, մշտապես թարմացնում են իրենց գիտելիքները՝ մնալով ազգային անվտանգության քաղաքագիտության ոլորտում առաջավոր դիրքերում:
Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում զգալի տեղ է հատկացվում կիբեռանվտանգությանը և տեղեկատվական ռեսուրսների կառավարմանը: Դրանց է միտված նաև Համալսարանի կազմում Տեղեկատվական հաղորդակցային տեխնոլոգիաների և ազգային անվտանգության քաղաքականության կենտրոնի հիմնումը և դրա զարգացմամբ՝ Կիբեռանվտանգության և տեղեկատվական ռեսուրսների զարգացման ռազմավարության ինստիտուտի ստեղծումը: Ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերը հյուրերին ներկայացրեց Կիբեռանվտանգության խմբի պետ Արման Գրիգորյանը: Նա հանգամանորեն անդրադարձավ Ինստիտուտի խնդիրներին՝ կարևորելով միջազգային փորձի ուսումնասիրությունը:
Հանդիպման ընթացքում գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը նշեց, որ Հայաստանի Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի երիտասարդ գիտնական-վերլուծաբանները, միջազգային հեղինակավոր կրթական և հետազոտական համալսարանների, հատկապես՝ ԱՄՆ-ի Պաշտպանական ազգային համալսարանի գործընկերների հետ սերտ համագործակցությամբ, նրանց փորձի ուսումնասիրմամբ և դրա՝ Հայաստանում տեղայնացմամբ, ջանում են զարգացնել ու բարձրացնել մեզանում անվտանգային խնդիրների հետազոտության մակարդակը՝ ի նպաստ պետության անվտանգության ամրապնդման:
Տիկին Մերի ՄկՔալլին բարձր գնահատեց Համալսարանի գործունեության նշանակությունը՝ մաղթելով հետագա ստեղծագործական հաջողություններ: Կողմերը քննարկեցին համագործակցության զարգացմանն առնչվող և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Հանդիպումն անցավ ջերմ, կառուցողական մթնոլորտում:
{gallery}2016_06_30:::0:0{/gallery}