Փետրվարի 22-ին Պաշտպանության նախարարության Դրաստամատ Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում տեղի ունեցավ Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի խորհրդի ընդլայնված նիստը: Այն վարում էր Ասոցիացիայի նախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր Հայկ Քոթանջյանը:
Նիստը նվիրված էր 1992 թ. փետրվարի 26-ին տեղի ունեցած Աղդամի իրադարձությունների (Խոջալուի սադրանքի) վերաբերյալ ադրբեջանական կեղծարարություններին: Զեկուցումներով հանդես եկան Ասոցիացիայի խորհրդի անդամներ, Ասոցիացիայի գործադիր տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Բենիամին Պողոսյանը, Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, պատմական գիտությունների դոկտոր Նիկոլայ Հովհաննիսյանը, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արսեն Ավագյանը, Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի փորձագետ Անժելա Էլիբեգովան: Բանախոսները նշեցին, որ Աղդամի իրադարձությունները, որոնք Ադրբեջանի իշխանությունները փորձում են ներկայացնել որպես Խոջալուում հայերի կողմից իրականացված ադրբեջանցիների կոտորած, իրականում տեղի են ունեցել Խոջալուից 11 կիլոմետր հեռավորության վրա հարյուր հազար բնակչություն ունեցող ադրբեջանական Աղդամ քաղաքի մերձակայքում: Ադրբեջանի Ժողովրդական ճակատի զինված խմբավորումները կազմակերպել են խաղաղ բնակչության, հիմնականում՝ թուրք մեսխեթցիների կոտորած, ինչպես նաև զոհերի դիակների պղծում: Ադրբեջանցիների կողմից վերահսկվող տարածքում տվյալ հանցագործության իրականցումը ուղղակիորեն բացառում է դրան հայկական ուժերի որևէ մասնակցություն: Ավելին, Խոջալուում տեղակայված ադրբեջանական կրակակետերի լռեցման հարկադիր գործողություններից մի քանի օր առաջ հայկական կողմը, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին համաձայն, մի քանի անգամ տեղեկացրել է Խոջալուի իշխանություններին կազմակերպվելիք օպերացիայի մասին և հատուկ շեշտել, որ հայկական կողմը մարդասիրական միջանցք է թողնելու Խոջալուի խաղաղ բնակիչների տարահանման նպատակով: Բանախոսները ընդգծեցին, որ հայկական կողմը հարկադրված էր իրականացնել Խոջալուի կրակակետերի լռեցման գործողությունը, քանի որ այնտեղից մշտապես գնդակոծվում էին Ստեփանակերտը և շրջակա հայկական բնակավայրերը: Ադրբեջանի Ժողովրդական ճակատի կողմից Աղդամի իրադարձությունների կազմակերպման հիմնական նպատակը իշխանության զավթումն էր՝ Ադրբեջանի այն ժամանակ գործող նախագահ Այազ Մութալիբովի վարկաբեկմամբ: Հետագայում իբր հայերի կողմից կազմակերպված Խոջալուի ցեղասպանությունն սկսեց օգտագործվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի խոչընդոտման համար: Ադրբեջանի և Թուրքիայի կողմից իրականացվող տվյալ քաղաքականությունն առավել համակարգված բնույթ է ստացել Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին: Ելույթներին հաջորդեց քննարկում, որի ընթացքում մասնակիցները շեշտեցին Ադրբեջանի և Թուրքիայի կեղծարարարական քաղաքականությանը համակարգված ձևով հակազդելու անհրաժեշտությունը: Նիստի վերջում ընդունվեց Ասոցիացիայի «Աղդամի իրադարձությունները (Խոջալուի սադրանքը)՝ որպես Ադրբեջանի իշխանությունների կեղծարարական քաղաքականության բնութագրական օրինակ» հայտարարությունը:
{gallery}PSAA Session 2014.02.22:::0:0{/gallery}