2014 թ. սեպտեմբերի 6-ին Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան, Վրաստանի Սոցիալական գիտությունների կենտրոնը և Հայաստանում Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի ներկայացուցչությունը համատեղ կազմակերպել էին «Հայ-վրացական հարաբերություններ. Մարտահրավերներ և հնարավորություններ երկկողմ համագործակցության համար» գրքի շնորհանդեսը:
Շնորհանդեսին մասնակցում էին Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի և Վրաստանի Սոցիալական գիտությունների կենտրոնի անդամներ, տարածաշրջանային անվտանգության դինամիկայով զբաղվող փորձագետներ, մի շարք ՀԿ-ների ներկայացուցիչներ:
Բացման խոսքով հանդես եկան Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի նախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր Հայկ Քոթանջյանը և Հայաստանում Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի ներկայացուցչության ղեկավար Նաիրա Գևորգյանը: Շնորհանդեսը վարում էր Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի գործադիր տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Բենիամին Պողոսյանը:
Ծրագրի գիտական խորհրդատուն Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի նախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր Հայկ Քոթանջյանն է, ծրագրին մասնակցել են Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի գործադիր տնօրեն Բենիամին Պողոսյանը, ասոցիացիայի խորհրդի անդամ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արսեն Ավագյանը, ասոցիացիայի անդամ, քաղաքական գիտությունների թեկնածու Միքայել Ավետիսյանը:
Վրաստանի Սոցիալական գիտությունների կենտրոնից ծրագրին մասնակցել են Թբիլիսիի պետական համալսարանի դասախոս, քաղաքական գիտությունների թեկնածու Փիկրիա Ասանիշվիլին, Թբիլիսիի պետական համալսարանի դասախոս, միջազգային հարաբերությունների մագիստրոս Կետեվան Չումբաձեն և Սոցիալական գիտությունների կենտրոնի գիտաշխատող, հակամարտությունների և խաղաղության հետազոտությունների մագիստրոս Իռինե Օզեփաշվիլին:
Գրքում ներկայացված են հայկական և վրացական տեսակետները երկկողմ հարաբերությունների ներկա վիճակի և դրանց զարգացման հնարավորությունների վերաբերյալ, բերվում են նաև Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի և Վրաստանի Սոցիալական գիտությունների կենտրոնի կողմից համատեղ մշակված եզրակացություններն ու առաջարկությունները: Գրքում նշվում է, որ հայ-վրացական հարաբերությունները հենվում են փոխադարձ շահերի և երկու պետությունների պրագմատիկ դիրքորոշման վրա և չնայած արտաքին քաղաքական տարբեր կողմնորոշումներին, Հայաստանին և Վրաստանին հաջողվել է պահպանել համագործակցության բավականին բարձր մակարդակ: Թե հայկական և թե վրացական տեսակետը կայանում է նրանում, որ Վրաստանի` Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումից և Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունից հետո ստեղծվող իրավիճակում երկկողմ հարաբերությունների համար ի հայտ են գալիս ինչպես մարտահրավերներ, այնպես էլ նոր հնարավորություններ, որոնց արդյունավետ օգտագործումը կարող է նպաստել հարաբերությունների առավել սերտացմանը:
Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի անունից զեկուցմամբ հանդես եկավ ասոցիացիայի գործադիր տնօրեն Բենիամին Պողոսյանը, Վրաստանի սոցիալական գիտությունների կենտրոնի տեսակետը ներկայացրին Փիկրիա Ասանիշվիլին, Կետեվան Չումբաձեն և Իռեն Օզեփաշվիլին: Ելույթներից հետո տեղի ունեցած շահագրգիռ քննարկման ընթացքում մասնակիցներն իրենց մոտեցումներն արտահայտեցին երկկողմ հարաբերությունների հետագա սերտացման հնարավոր ուղիների վերաբերյալ:
Ամփոփելով շնորհանդեսը՝ Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի գործադիր տնօրեն Բենիամին Պողոսյանը, ևս մեկ անգամ շեշտելով խնդրի կարևորությունը, նշեց, որ Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան շարունակելու է իր ուշադրության կենտրոնում պահել տարածաշրջանային անվտանգության դինամիկային և ՀՀ-ի արտաքին քաղաքականությանն առնչվող հիմնախնդիրները:
{gallery}PSAA Book 2014.09.06:::0:0{/gallery}