ՀՀ Կառավարության որոշմամբ ստեղծվել է Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան

Gov.am-24.12.2015ՀՀ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ ստեղծվել է Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան` ՀՀ ՊՆ Դ. Կանայանի անվան Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի (ԱՌՀԻ) հիման վրա: «Արմենպրես»-­ի հաղորդմամբ` այդ մասին որոշման նախագիծը հաստատվեց ՀՀ կառավարության նիստում:

«Միջգերատեսչական ձևաչափով կրթական ծրագրերի իրականացմամբ պաշտպանական-անվտանգային համակարգի ղեկավար կադրերի պատրաստումը և պետության ռազմաքաղաքական ղեկավարության համար պաշտպանական անվտանգային ոլորտում հետազոտությունների իրականացումը` գնահատումների և առաջարկությունների ներկայացմամբ, էական նշանակություն ունեն պետության անվտանգության ապահովմանն ուղղված համապետական քաղաքականության արդյունավետության մակարդակի բարձրացման տեսանկյունից: Այս խնդրի լուծմանն է միտված ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի (ԱՌՀԻ) հիման վրա ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի ստեղծման ծրագիրը»,-ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Նրա խոսքով՝ համալսարանի միջոցով հնարավոր կլինի իրականացնել բարձրագույն մագիստրոսական և լրացուցիչ կրթության ծրագրեր և միասնական գիտելիքի ու փոխհամաձայնեցված մասնագիտական գործունեության հիման վրա համախմբել ՀՀ ԶՈԻ-ի Գերագույն գլխավոր հրամանատարի շուրջ բարձրագույն ղեկավար կազմը, պաշտպանական-անվտանգային ոլորտում ռազմավարական հետազոտությունների կատարմամբ ապահովել տվյալ ոլորտում ռազմավարական որոշումների ընդունման գիտական հենքը, պատրաստել ՀՀ պաշտպանական-անվտանգային համակարգի համար գիտական կադրեր:

«Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան» պետական հիմնարկին ֆինանսական ճկունություն ընձեռելու համար կստեղծվի նաև համալսարանի հիմնադրամ: Այս մոդելը վերցված է ԱՄՆ «Պաշտպանական ազգային համալսարանի» և նրա հիմնադրամի օրինակից: Հիմնադրամը հնարավորություն կտա համալսարանական հիմնախնդիրները, որոնք հնարավոր չէ լուծել պետբյուջեից հատկացված միջոցներից, լուծել հիմնադրամին կատարվող բարեգործությունների հաշին:

Համալսարանի ստեղծման գաղափարը 2004-2014 թթ. ընթացքում քննարկումներ է անցել ՀՀ և ԱՄՆ­ի առաջատար գիտա­ կրթական ու պետական հաստատություններում, մասնավորապես` ԱՄՆ­ի Պաշտպանական ազգային համալսարանի Ռազմավարական կիրառական ուսուցման կենտրոնում, Տեխնոլոգիաների և ազգային անվտանգության քաղաքականության կենտրոնում, Միջազգային անվտանգային հարաբերությունների քոլեջում, Հարվարդի համալսարանում, Դիվանագիտության և իրավունքի Ֆլետչերի դպրոցում, ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեում, ՀՀ Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում:

administrator

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով