2012 թվականի նոյեմբերի 29-ից 30-ը «Կոնգրես» հյուրանոցի «Պիկասո» սրահում տեղի ունեցավ «Տարածաշրջանային անվտանգության դինամիկան Հարավային Կովկասում» ամենամյա միջազգային երկօրյա ֆորումը: Ֆորումը կազմակերպվել էր ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի և Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի կողմից:
Ֆորումի աշխատանքներին մասնակցեցին և զեկուցումներով հանդես եկան Արտաքին քաղաքականության ամերիկյան խորհրդի Եվրոպայի և Եվրասիայի գծով ավագ վերլուծաբան Ուեյն Մերին, Հարվարդի համալսարանի Սևծովյան տարածաշրջանի անվտանգության ծրագրի տնօրեն, դոկտոր Սերգեյ Կոնոպլյովը, ՌԴ ԱԳՆ Վետերանների խորհրդի նախագահ, Արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կազիմիրովը, Մոսկվայի Քարնեգի կենտրոնի վերլուծաբան, դոկտոր Անդրեյ Ռյաբովը, Օքսֆորդի համալսարանի Քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետի պրոֆեսոր, դոկտոր Նեյլ Մըքֆարլեյնը, բրիտանական հեղինակավոր վերլուծական կենտրոններից մեկի` «Չաթհամ Հաուսի» Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի ղեկավար և վերլուծաբան Ջեյմս Նիքսին, Թուրքիայի Քադըր Հաս համալսարանի ռեկտոր, դոկտոր Մուստաֆա Այդինը, Հայաստանում և Վրաստանում Իսրայելի նախկին դեսպան, Երուսաղեմի համալսարանի պրոֆեսոր Բարուխ Բեն Ներիան, Ռազմավարական վերլուծությունների կենտրոնի տնօրեն (Երևան), Հարվարդի համալսարանի Դեվիսի անվան ռուսական և եվրասիական հետազոտությունների կենտրոնի հրավիրյալ գիտնական, դոկտոր Գայանե Նովիկովան, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության տաս փորձագետներ Հայաստանից: