Մարտի 29-ին Պաշտպանության նախարարության Դրաստամատ Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում տեղի ունեցավ Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի խորհրդի ընդլայնված նիստը:
Նիստը վարում էր Ասոցիացիայի նախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը: Իր բացման խոսքում անդրադառնալով Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիևի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ստեղծման իրավապատշաճությունը կասկածի տակ դնող հայտարարություններին՝ դոկտոր Քոթանջյանը հիմնավոր կերպով ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի իրացման օրինականության անհերքելիությունը:
Դոկտոր Քոթանջյանը նշեց, որ իր ելույթներում հարևան պետության ղեկավարը ելնում է այն անհիմն նախավարկածից, թե Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումը իբր օրինական չէ: Մինչդեռ Լեռնային Ղարաբաղը ինքնորոշման իրավունքն իրացրել է միջազգային դիտորդների վերահսկողությամբ 1991 թ. դեկտեմբերի 10-ին կայացած համաժողովրդական հանրաքվեի միջոցով` միջազգային իրավունքի և այդ ժամանակ գործող խորհրդային օրենսդրության պահանջներին լիովին համապատասխան: Ադրբեջանը, խորհրդային պետաիրավական ենթակայությունից իր դուրս գալը հռչակելով նախքան Լեռնային Ղարաբաղում հանրաքվեի անցկացումը, օրենսդրորեն ամրագրել է հրաժարումը Լեռնային Ղարաբաղի հետագա ճակատագիրն իր հետ համաձայնեցնելու անհրաժեշտությունից:
Անդրադառնալով Իլհամ Ալիևի ռազմատենչ ու հայատյաց հայտարարությունների էությանը՝ դոկտոր Քոթանջյանը շեշտեց, որ այդ հայտարարությունները պարունակում են միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների կամայական մեկնաբանություն, հայ ժողովրդի հասցեին հնչեցվող ու պետության ղեկավարին անվայել զրպարտանքներ և Հայաստանի Հանրապետությանը ներկայացվող գործնականում պատերազմով սպառնացող անթաքույց տարածքային հավակնություններ:
Ասոցիացիայի խորհրդի անդամ, Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, պատմական գիտությունների դոկտոր Նիկոլայ Հովհաննիսյանը իր ելույթում նշեց, որ Ադրբեջանի Նախագահի նման ռազմատենչ հայտարարությունները պարունակում են Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հայության նկատմամբ նոր ցեղասպանական գործողությունների սպառնալիք, գործողություններ` նման 1988 – 1990 թվականներին Սումգաիթի, Կիրովաբադի և Բաքվի հայ բնակչության նկատմամբ ադրբեջանական իշխանությունների ձեռնարկած կոտորածներին: Համակարգային բռնության տվյալ սպառնալիքը, որը հնչեցնում է ԱդրՀ Նախագահը, հատկապես չարագույժ տպավորություն է գործում Օսմանյան Թուրքիայում Եղեռնի 100-ամյակի նախաշեմին:
Ելույթներով հանդես եկան Ասոցիացիայի անդամ, քաղաքական գիտությունների թեկնածու Էդուարդ Աթանեսյանը և Ասոցիացիայի խորհրդի անդամ, պատմական գիտությունների թեկնածու Վահրամ Տեր-Մաթևոսյանը, որոնք գիտական փաստարկներով հիմնավորեցին Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի իրացման գործընթացի օրինականությունը:
Ասոցիացիայի գործադիր տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Բենիամին Պողոսյանը նշեց, որ Ասոցիացիան բազմիցս անդրադարձել է հարևան պետության ղեկավարի` բանակցությունների գործընթացի խաթարմանն ուղղված քաղաքականությանը, որն ուղղակիորեն հակասում է հակամարտության կողմերի միջև վստահության մթնոլորտի ձևավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին:
Նիստի վերջում ընդունվեց Ասոցիացիայի դիմումը համանախագահ պետությունների ղեկավարներին` Ադրբեջանի Նախագահի` ղարաբաղյան հակամարտության էությունը խեղաթյուրող և Հայաստանի Հանրապետությանը տարածքային պահանջներ ներկայացնող հայտարարությունների կապակցությամբ:
{gallery}PSAA Session 2014.03.29:::0:0{/gallery}