Դեռևս ուշ չէ խուսափել համամոլորակային աղետից

Հոկտեմբերի 7-ին Պաշտպանության նախարարության Դրաստամատ Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում տեղի ունեցավ Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի խորհրդի նիստը:

logoԱյն վարում էր Ասոցիացիայի Նախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը: Իր բացման խոսքում նա նշեց, որ համայն մարդկությունը լրջորեն անհանգստացած ու մտահոգված է երկու միջուկային տերությունների` ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև հարաբերությունների լարվածության խորացմամբ, որը հղի է հակամարտության վերածվելու վտանգով: Դոկտոր Քոթանջյանի կարծիքով, եթե այդ երկու պետությունների միջև առճակատումը շարունակվի և խորանա, ինչի նշաններն արդեն ցայտունորեն արտահայտվում են, այն կարող է դուրս գալ ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիմակայության սահմաններից:

Ասոցիացիայի խորհրդի անդամներն իրենց ելույթներում նշեցին, որ ներկայիս քաղաքական իրավիճակում ավելի ու ավելի ազդու են դառնում այն մարտահրավերները, որոնց աղբյուրներն են միջազգային ահաբեկչությունն ու կազմակերպված հանցավորությունը, թմրաբիզնեսն ու մարդկանցով առևտուրը, մոլորակային մասշտաբի բնապահպանական խնդիրները: Նրանց համոզմամբ՝ հենց ԱՄՆ-ին և Ռուսաստանի Դաշնությանը` որպես համաշխարհային քաղաքականության առանցքային դերակատարների է նախանշված այդ սպառնալիքների դեմ պայքարում ուղղորդել համաշխարհային հանրության ջանքերը:

Ասոցիացիայի խորհրդի անդամները միակարծիք էին, որ ստեղծված իրավիճակում ելքը վերադարձն է այն քաղաքականությանը, որը ԱՄՆ-ը և Ռուսաստանը դեռ վերջերս էին վարում: Այն պատմության մեջ արդեն մտել է որպես բանակցությունների, երկխոսության, փոխադարձ հարգանքի ու փոխզիջուման սկզբունքների վրա հիմնված «ռուս-ամերիկյան հարաբերությունների վերաբեռնման քաղաքականություն», որը արթնացրել է ինչպես երկու պետությունների ժողովուրդների, այնպես էլ համայն մարդկության խաղաղ, կայուն զարգացման հույսեր և արժանացել համաշխարհային հանրության մեծ աջակցությանը:

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան որոշեց դիմել Քաղաքական գիտության ռուսաստանյան ասոցիացիային և ԱՄՆ-ի քաղաքական գիտության ասոցիացիային` առաջարկելով գործի դնել իրենց գիտափորձաքննական ծառայություններն համայն մարդկության համար բախտորոշ այս խնդիրը լուծելու նպատակով:

Ամփոփելով նիստը՝ Ասոցիացիայի գործադիր տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Բենիամին Պողոսյանը նշեց, որ Ասոցիացիայի խորհրդի պարբերական հայտարարություններն ու դիմումները մշտապես լայն արձագանք են գտնում մասնագիտական շրջանակներում՝ արժեքավոր ներբերում ունենալով քաղաքական և անվտանգային տարաբնույթ խնդիրների ու իրողությունների գնահատման հարցում:

Նիստի վերջում ընդունվեց «Դեռևս ուշ չէ խուսափել համամոլորակային աղետից» վերտառությամբ Ասոցիացիայի դիմումը ԱՄՆ Նախագահ Բարակ Օբամային և Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին, որում խնդրանք է հայտնվում երկու տերությունների նախագահներին՝ անհրաժեշտ քայլեր ձեռնարկել «վերաբեռնման» քաղաքականությանը վերադառնալու համար:

 

 

administrator

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով