Հայկ Քոթանջյան. Սա համակարգաստեղծ և առանցքային օրինագծերից մեկն է

Հայկ Քոթանջյան. Սա համակարգաստեղծ և առանցքային օրինագծերից մեկն է

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ` խորհրդարանական նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Զինապարտության եւ զինվորական ծառայության մասին օրենսդրական նոր կարգավորումների վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումներ, որին մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, կառավարության, քաղաքական ուժերի, շահագրգիռ գերատեսչությունների եւ հաստատությունների, փորձագիտական, ակադեմիական եւ ուսումնական շրջանակների ներկայացուցիչներ:

Զինվորական ծառայությանն առնչվող օրենսդրական նոր կարգավորումներն էական փոփոխություններ են նախատեսում զինված ուժերի համալրման, զինծառայության, այդ թվում՝ մարտական հերթապահության կազմակերպման հարցերում: Ըստ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի, այս օրենսդրական կարգավորումները երեք հիմնական նպատակ է հետապնդում՝ սահմանադրական բարեփոխումների գործադրման իրավական ապահովում, կոդիֆիկացում ու կոնսիլիդացում եւ «Ես եմ» ու «Պատիվ ունեմ» ծրագրերի իրագործման համար իրավական հիմքի ստեղծում: Իսկ օրենսդրական կարգավորման հիմքում դրված քաղաքականության նպատակն է զինված ուժերում ծառայությունը դարձնել սոցիալական վերելակ ե՛ւ սպայական, ե՛ւ շարային կազմի համար, ապահովել զինծառայողների ինտեգրումը հասարակությանը, բարձրացնել պահեստազորի արդյունավետությունը, տարկետումների զգալի մասը փոխարինել արտոնություններով, ամրապնդել հասարակության վստահությունը զինված ուժերի նկատմամբ:

Այս ամենի, ինչպես նաեւ լսումների ժամանակ հնչած քննադատությունների շուրջ էլ «Իրավունքը» զրուցեց ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտ ՀԱՅԿ ՔՈԹԱՆՋՅԱՆԻ հետ: Նրա գնահատմամբ՝ սա, իսկապես, բազմափուլ, բազմաշերտ եւ խելոք ուժի արտահայտման մի աշխատանք է:

«ԴԵՌ ԹՐԾԵԼՈՒ, ԲՅՈՒՐԵՂԱՑՆԵԼՈՒ ԱՇԽԱՏԱՆՔ ԿԱ»

— Սա համակարգաստեղծ եւ առանցքային օրինագծերից մեկն է՝ մեր պետության նպատակների, գործունեության հիմնական ուղղությունների եւ պաշտպանվածության, անվտանգության ապահովման երաշխիքների տեսանկյունից: Իհարկե, դեռ թրծելու, բյուրեղացնելու աշխատանք կա եւ դրա մասին խոսեցին քննարկման ժամանակ, այդ թվում նաեւ նախարարը՝ Վիգեն Սարգսյանը: Բայց հիմքում կա պարարտ հող եւ սա, իսկապես, խելացի, հավասարակշռված եւ համակարգված գործունեության արգասիք է:

— Պարոն գեներալ-լեյտենանտ, օրինագծի ընդդիմախոսների կարծիքով՝ այս օրենսդրական կարգավորումը պայմանավորված է ժողովրդագրական խնդիրներով… Ի՞նչ կասեք այս մասին:

— Իրական տեսանկյունից սա մտածված մի մշակում է, որի մեջ արտացոլվում են իմ կարծիքով՝ առաջին հերթին սահմանադրական նորմերը, որոնք ուղղված են Հայաստանի Հանրապետության, որպես սոցիալական, խորհրդարանական պետության որակների լիարժեք արտացոլմանը: Բայց դրա հետ մեկտեղ, իհարկե, արտացոլվում են նաեւ ժողովրդագրական, դեմոգրաֆիական ասպեկտները, առանց որի հնարավոր չէ այսպիսի փաստաթուղթ կազմելը: Ուղղակի, կարեւորն այն է, որ սա հաշվեկշռված, բալանսավորված դիրքերից է մշակված:

«ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԳՆԱՀԱՏԵԼԻ Է»

— Ի դեպ, քննարկման ժամանակ որոշ իրավապաշտպաններ փորձեցին հավասարության նշաններ դնել Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու եւ Եհովայի վկաների միջեւ ու դժգոհել, որ բանակում հոգեւոր սպասավորներ կան: Որպես բազմամյա փորձ ունեցող զինվորական՝ Դուք ինչպե՞ս եք վերաբերում դրան:

— Ինձ թվում է՝ մեր նախարարը՝ Վիգեն Սարգսյանը, լիարժեք պատասխանել է դրան, որ ազատությունների, ժողովրդավարության սկզբունքների եւ նորմերի պաշտպանման տեսանկյունից վերաբերմունքը նույնն է եւ հավասար, բայց դերակատարության առումով՝ մեր պետության կայացման, զարգացման, այդ թվում նաեւ պաշտպանության եւ անվտանգության գործի մեջ՝ իհարկե, Առաքելական եկեղեցու դերակատարությունն անգնահատելի է:

— Հնչած հաջորդ մտահոգություններից մեկն էլ այն էր, որ այս օրենսդրական կարգավորման կյանքի կոչվելուց հետո՝ այլեւս չենք ունենա երիտասարդ գիտնականներ, քանի որ երիտասարդները պարտադիր ծառայության անցնելով՝ հնարավորություն կունենան զբաղվել գիտությամբ միայն 30 տարեկանից հետո : Ըստ Ձեզ, սա խնդի՞ր է, թե՝ ոչ:

— Ես խնդիր չեմ տեսնում, խոսքը գիտական եւ կրթական գործընթացների որակի մասին է: Եվ սա կարծում եմ՝ կարեւոր է, թե արդյունքում ինչպես կզուգորդվեն ծառայությունը եւ ակադեմիական գործունեությունը՝ կրթական եւ գիտական: Այնպես որ, այս օրենքի կիրառման, ինչպես ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն ասաց, մեխանիզմների ճիշտ մշակման եւ կիրառման խնդիր է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Տպագրվել է «Իրավունք» թերթում, հմ. 109, 2017.10.13

administrator

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով