Հայկ Քոթանջյան. «Իսրայել-Թուրքիա. ներողության գնի էությունը»

Հայկ Քոթանջյան. «Իսրայել-Թուրքիա. ներողության գնի էությունը»

Իսրայելի և Թուրքիայի միջև հարաբերությունների ներկայիս առանձնահատկությունների, ինչպես նաև դրանց հետ կապված տարածաշրջանային ու միջազգային զարգացումների մասին մեր թղթակիցը զրուցեց Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի նախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր (ՌԴ), հակաահաբեկչության գծով գիտական փորձագետ (ԱՄՆ), Ռազմական գիտությունների ռուսաստանյան ակադեմիայի իսկական անդամ Հայկ Քոթանջյանի հետ:

 

ՀԱՐՑ -Ինչպե՞ս եք գնահատում Իսրայելի շահերի դեմ ուղղված Թուրքիայի «Մավի Մարմարա» նավատորմիղի միջազգային ձեռնարկման հետ կապված իրադարձությունների հետաքննության գծով ՄԱԿ-ի` Նոր Զելանդիայի նախկին Վարչապետ Ջեֆրի Փալմերի գլխավորած կոմիտեի աշխատանքի մասին հաշվետվությունը:

Հաշվետվության գլխավոր եզրակացությունն այն է, որ հաստատվել է Գազայի հատվածի ռազմածովային շրջափակման` որպես Իսրայելի հակաահաբեկչական միջոցառման օրինականությունը. այն ուղղված է ահաբեկիչներին ծովով զենքի մատակարարումը խոչընդոտելուն: Մյուս եզրակացությունները ածանցյալ են տվյալ սկզբունքային եզրակացությունից: Հաշվետվությունը կարևոր է նաև նավատորմիղի կազմակերպիչների ոչ կշռադատված գործողությունների գնահատման տեսանկյունից, քանի որ նրանք իրենց իրավունք էին վերապահել անտեսելու Իսրայելի Զինված ուժերի իրավազորությունը` միջազգային ջրերում տեսչական ստուգումների ենթարկելու և կանգնեցնելու Գազայի հատված ուղևորվող նավերը:


Դրա հետ մեկտեղ, «Մավի Մարմարա» նավատորմիղի դեմ իսրայելական կոմանդոսների կողմից ձեռնարկված միջոցները ՄԱԿ-ի Կոմիտեն որակել է որպես «չափազանց և անհիմն», իսկ իսրայելցի զինվորականների վերաբերմունքը ուղևորների նկատմամբ` «վիրավորական»: Հանձնաժողովի եզրակացության համաձայն` Թել Ավիվին առաջարկվել է զղջանք հայտնել հումանիտար առաքելության կալման ժամանակ Թուրքիայի քաղաքացիների սպանության կապակցությամբ և փոխհատուցում վճարել զոհվածների ընտանիքներին: Նման ձևակերպումը չի բավարարում Թուրքիային, որը Թել Ավիվից պահանջում է պաշտոնապես խոստովանել հանցանքը և ներողություն խնդրել Թուրքիայից ու «Մավի Մարմարա» արշավախմբի տուժած մասնակիցներից, թեև Իսրայելն արդեն հայտնել էր իր ափսոսանքը:

ՀԱՐՑ – Ձեր կարծիքով, ինչո՞վ է պայմանավորված Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունների վատթարացումը. սոսկ Գազայի հատվածի ռազմածովային շրջափակման գոտի «Մավի Մարմարա» նավատորմիղի ներխուժման հետ կապված սուր բախումով և դրա տարբեր մեկնաբանություններո՞վ, թե՞ ավելի էական հանգամանքներով:

Դատելով Մեծ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների զարգացման միտումներից` Թուրքիան ձգտում է տիրանալու ինտենսիվ կերպով վերափոխվող Իսլամական աշխարհի առաջավարի դերին: Նա նպատակաուղղված ջանքեր է գործադրում` տարանջատվելու քեմալական աշխարհականացման մոդելից և իրեն ներկայացնելու որպես նոր տիպի մահմեդական պետություն, որն իր քաղաքական-իրավական համակարգում համադրում է «մեղմ Իսլամի» և «ժողովրդավարության» արժեքները:

Այսպիսով` Թուրքիան ձգտում է հանդես գալու որպես «Արաբական գարնան» քաղաքական կողմնորոշիչ` աջակցելով ոչ միայն Իսլամական աշխարհի պետություններում տեղի ունեցող իշխանափոխություններին, այլև վարչակարգերի փոփոխությանը: Խոսքը վերաբերում է հեղինակապաշտական (ավտորիտար) քաղաքական-իրավական համակարգերի արմատական կերպափոխմանը, որն ուղեկցվում է պետական-քաղաքական ասպարեզից գոյություն ունեցող վերնախավի դուրսմղմամբ, «մահմեդական ժողովրդավարականների» նոր սերնդի ներկայացուցիչների և նրանց նմանարկող ապագա բռնակալների ու դահիճների իշխանության գալով (այդպիսիք էին Հիտլերի կեղծ ժողովրդավարական ճարտասանության առաջին փորձերը):

Թուրքիան, հետապնդելով տարածաշրջանում և դրա սահմաններից դուրս իր ազդեցությունն ընդլայնելու ռազմավարական նպատակներ, հետևողականորեն քարոզչություն է վարում` մահմեդական արմատականների խմբերի կողմից «Արաբական գարնան» նկատմամբ վերահսկողությունն իրենց ձեռքը վերցնելու սպառնալիքով համաշխարհային ընկերակցությանը ահաբեկելու համար: Միևնույն ժամանակ, Թուրքիան փորձում է համոզել գործընկերներին, որ իշխող «Արդարություն և Զարգացում» կուսակցության ռազմավարության համաձայն` Իսլամի մեղմացման և ժողովրդավարացման թուրքական մոդելով Իսլամական աշխարհի սպասարկման ուղղությամբ իր ծառայությունները անփոխարինելի են, և դրանով իսկ ստիպել Արևմուտքին` համակերպվել Մերձավոր ու Միջինարևելյան, Միջերկրածովյան և Հյուսիսաֆրիկյան հսկայական աշխարհաքաղաքական տարածքում Թուրքիայի առաջավարական դերի հետ:

Թուրքիայի քաղաքական ռազմավարության նման փոփոխման պայմաններում ներողությունը, որ նա պահանջում է Իսրայելից, իր խորքում ունի այն գնի էական վերանայման պահանջ, որն ապագայում Իսրայելը պարտավոր կլինի վճարել ամբողջ Իսլամական աշխարհի քաղաքական վերափոխման համադասման գործում առաջավարի դերին հավակնող Թուրքիայի հետ ռազմավարական գործընկերության համար: Հարկ է նշել, որ Թուրքիայի նոր գերակայությունների պարագայում չի կարելի բացառել, որ նույնիսկ եթե Իսրայելը ներողություն խնդրի, դա կարող է գնահատվել որպես իսրայելական կողմի` իր հանցանքի խոստովանում և թուրքական կողմի համար լրացուցիչ հիմք դառնալ հակաահաբեկչական գործողությանը մասնակցած իսրայելական կոմանդոսներին հետապնդելու նպատակով Միջազգային դատարան դիմելու համար: Այլ կերպ ասած` Թուրքիայի պահանջը, որ Իսրայելը ներողություն խնդրի, կրում է խիստ իրավիճակային-գործիքային բնույթ:

ՀԱՐՑ – Ըստ Ձեզ` ինչպե՞ս Իսրայելը կարձագանքի նոր պայմաններում Թուրքիայի հետ համագործակցելու համար վերջինիս կողմից «նոր գնի» առաջադրմանը: Հնարավո՞ր է, արդյոք, որ Իսրայելը ճանաչի Օսմանյան կայսրությունում հայերի Ցեղասպանության փաստը:

Դատելով վերջին ժամանակներս մի շարք գործիչների արած հայտարարություններից` այս պրոբլեմը Իսրայելի քաղաքական վերնախավի շրջանում կրկին ձեռք է բերում արդիականություն և ռազմավարական տրամաչափ: Միևնույն ժամանակ, ակնհայտ է, որ դա Իսրայելի Պետության զուտ ներքին գործն է, թեև արտացոլում է հրեաների Ողջակիզումը և հայերի Ցեղասպանությունը չկրկնվելու երաշխիքների վերաբերյալ հրամայականների խորքային համընկնումը:

Կարելի է մի բան վստահությամբ ասել, որ Իսրայելի քաղաքական Օլիմպոսի լավագույն գլուխները, տարանջատվելով կուսակցական-քաղաքական կոնյուկտուրայից, ինտենսիվորեն լրամշակում են ազգային անվտանգությանը ուղղված նոր մարտահրավերներին հակազդման օպտիմալ ռազմավարություն այնպիսի պայմաններում, երբ Թուրքիան Իսրայելի հետ համագործակցության համար նրան առաջադրում է ըստ էության նոր, չափից դուրս բարձր գին: Չի կարելի բացառել, որ համակարգային պրագմատիկ հաշվարկներով այս գինը կլինի Իսրայելի ազգային անվտանգության համար սկզբունքորեն անընդունելի: Իրականում Իսրայելի անվտանգության համար չափազանց վտանգավորն այն է, որ չկա որևէ երաշխիք, որ հետագայում Թուրքիան չի բարձրացնի դրողչեքն ու գինը, որոնք պատրաստվում է ներկայացնել Իսրայելին «Արաբական գարնան» և ընդհանուր առմամբ իր ղեկավարությամբ «վերակառուցված» Իսլամական աշխարհի ռեալ առաջավարի դերին տիրանալու ընթացքում:

Ողջակիզման աղետն ապրած հրեական ժողովրդի անվտանգության երաշխիքները գնահատելիս, ըստ երևույթին, անհրաժեշտ է որպես սկզբունքային ընդունել այն փաստը, որ դաշնակից Իսրայելի և ԱՄՆ-ի, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր մշտական անդամների ռազմավարական գերակայությունների հաշվարկի հիմքային ելակետ պետք է դառնա «Արաբական գարնան» ընթացքում ծավալված հակասական քաղաքական գործընթացների գործուն կոլեկտիվ մշտազննումը: Ըստ այդմ կարևոր են ինչպես համաշխարհային ընկերակցության աջակցությունը Իսլամական աշխարհի առաջադիմական կերպափոխմանը, այնպես էլ հակազդեցությունը մարդկության համար նրա այդքան նշանակալից կարողությունների վտանգավոր հակաժողովրդավարական օգտագործմանը` «մեղմ Իսլամի» և ժողովրդավարության կարգախոսներով հնարավոր իրավիճակային քողարկմամբ:

administrator

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *