Publications Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի նախագահ Հայկ Քոթանջյանի ողջույնի խոսքը՝ ուղղված Քաղաքագետների յոթերորդ համառուսաստանյան կոնգրեսին

Ապրիլի 10, 2021by admin

Քաղաքագետների 7-րդ համառուսաստանյան կոնգրես. 2015թ. նոյեմբերի 19–21, Ռուսաստանի քաղաքական գիտության ասոցիացիայի 60-ամյակը. 1955–2015, Մոսկվա:

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ, ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԴՈԿՏՈՐ,
ՊՐՈՖԵՍՈՐ ՀԱՅԿ Ս. ՔՈԹԱՆՋՅԱՆԻ
ՈՂՋՈՒՅՆԻ ԽՈՍՔԸ՝
ՆՈՐ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՆԵՐԻ ԱՆՈՒՆԻՑ ՈՒՂՂՎԱԾ ՔԱՂԱՔԱԳԵՏՆԵՐԻ ՅՈԹԵՐՈՐԴ ՀԱՄԱՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ԿՈՆԳՐԵՍԻՆ

Հարգելի՜ տիկին Նախագահ

Հարգելի՜ գործընկերներ

Պատիվ ունեմ Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի և, ինչպես սիրալիրաբար ինձ առաջարկվել էր, նոր անկախ պետությունների քույր ասոցիացիաների անունից հանդես գալու Քաղաքագետների 7-րդ համառուսաստանյան կոնգրեսի մասնակիցներին և հյուրերին ուղղված ողջույնի հակիրճ ելույթով:

Քաղաքական գիտության մեր ոլորտում՝ անվտանգության քաղաքագիտությունում, առկա է այն իրողությունը, որ մեր հետազոտություններում և գիտակիրառական մշակումներում ավելի ու ավելի մեծ տեղ են զբաղեցնում նոր սպառնալիքներն ու դրանց փոխդասավորության տարբեր ուրվապատկերները: Դրանք մեզնից պահանջում են գիտականորեն իմաստավորել զինված պայքարի դժվար կանխատեսելի հիբրիդային ձևերի գոյության պայմաններում երկխոսության և համագործակցության առաջմղման ուղիները:

Արձագանքելով Ռուսաստանի քաղաքագետների այս համաժողովի հիմնական թեմաներից մեկին՝ պատիվ ունեմ նշելու, որ դեռ 2010 թ.՝ ամերիկյան «վերաբեռնման» արշալույսին, ինձ բախտ էր վիճակվել լինելու Հարվարդի համալսարանի Քենեդիի անվան դպրոցում առաջատար ռուսաստանյան և ամերիկյան գեներալների ու ռազմավարագետների մասնակցությամբ կազմակերպված «ԱՄՆ – Ռուսաստան ռազմավարական երկխոսության» գիտական խորհրդարկու, ինչն էլ հնարավորություն է տալիս մասնագիտորեն ուսումնասիրելու այդ գործընթացի դինամիկան: 2014 թվականից մեր հատուկ ուշադրության առարկան է Ռուսաստանի և Արևմուտքի միջև հարաբերությունների տագնապահարույց վատթարացումը, որը, մի շարք առաջատար միջազգային փորձագետների գնահատմամբ, հասցրել է «նոր սերնդի խաղաղա-պատերազմի» շեմին: Մենք կարող ենք խոստովանել, որ ստեղծված իրավիճակը բացասաբար է ազդում մեր այս համաժողովում ներկայացված բոլոր հարգարժան պետությունների ու կազմակերպությունների անվտանգության և զարգացման շահերի առաջմղման վրա: Թույլ տվեք այն համոզմունքը հայտնել, որ մեր պրոֆեսիոնալ հանրությունը հստակ կերպով հասկանում է, որ Ռուսաստանի և Արևմուտքի միջև երկխոսության վերսկսմամբ ուղեկցվող միջազգային հարաբերությունների կառուցողական համակարգային վերաբեռնումը բխում է միջազգային հարաբերությունների բոլոր սուբյեկտների անվտանգության ու կայունության շահերից:

Հրատապ է դառնում այդ փոխհարաբերությունների վերաբեռնումը նոր նշանակալից բովանդակությամբ օժտելու և, միևնույն ժամանակ, տնտեսական, քաղաքական, ռազմական, հաղորդակցային և այլ ոլորտներում համագործակցության համընդգրկուն զարգացման ուղիներն իմաստավորելու պրոբլեմը: Այս հրատապությունը պայմանավորված է ահաբեկչական վտանգի համընդհանրացմամբ մի այնպիսի սցենարով, որին բնորոշ են մեր հարգարժան հարվարդցի գործընկեր պրոֆեսոր Սեմյուել Հանտինգտոնի՝ տարիներ առաջ նկարագրած քաղաքակրթությունների բախման բնութագրական հայտանիշները: Այս աղետալի բնութագրական հայտանիշների առկայության վկայություններն են Սինայի վերևում ռուսաստանյան ինքնաթիռի պայթեցումը, Փարիզում, Սիրիայում, Իրաքում, Լիբանանում, Իսրայելում, Աֆղանստանում և աշխարհի այլ երկրներում ձեռնարկված ահաբեկչությունները: Տվյալ բախման խորքերում թաքնված արժեքային նախապատվությունների ու կենսակերպերի բնութագրայնության մասին են ահազանգում Եվրոպայի տեղաբնակների ու միլիոնավոր գաղթականների միջև ծագող հակամարտային հարաբերությունները՝ պայմանավորված նրանց մշակութային համատեղելիության և ժողովրդագրական դինամիկայի հակամարտային տարամիտման պրոբլեմով:

Հարկ է հատկապես նշել, որ վերջին ժամանակներս ի հայտ են եկել որոշ դրական կողմնորոշիչ ազդակներ, որոնք ազդանշում են Ռուսաստան – Արևմուտք հարաբերությունների տեղաշարժը դեպի առողջացում՝ «Իսլամական պետության» դեմ պայքարի նկատմամբ նրանց դիրքորոշումների հակամետության համատեքստում: Դա հույս է ներշնչում, որ միջազգային համագործակցության բովանդակության ու մեխանիզմների վերաիմաստավորման, ինչպես նաև համընդհանուր միջքաղաքակրթական հակամարտության սանձազերծմամբ սպառնացող ահաբեկչության նետած մարտահրավերներին հակազդեցության համար առաջատար դերակատարների ջանքերի համախմբման վրա խարսխվող երկխոսության վերսկսումը կարող է հիմք դառնալ համամոլորակային անվտանգության համակարգում ծագող ճգնաժամի կանխման և նոր, ավելի անվտանգ աշխարհակարգի ձևավորման համար:

Այս կապակցությամբ թույլ տվեք ինձ կատարել մեր Ասոցիացիայի Վարչության հանձնարարությունը և ձեր ուշադրությանը ներկայացնել Նորին գերազանցություն Ռուսաստանի Դաշնության Նախագահ պ-ն Վլադիմիր Պուտինին և Նորին գերազանցություն Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահ պ-ն Բարակ Օբամային Ասոցիացիայի՝ 2014 թ. հոկտեմբերին ընդունած ՈՒղերձից մի հատված. «Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան պատիվ ունի խնդրելու Ձեզ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու «վերաբեռնման» քաղաքականությանը վերադառնալու համար: Անտարակույս, Ձեր գլխավորած պետություններն ունեն մերձեցման քաղաքականությունն ապահովելու և իրացնելու համար հսկայական մասնագիտական ռեսուրս, ինչպես նաև այդ երկու տերությունների միջև ծագած հակամարտությունների լուծման փորձ: Համաշխարհային առճակատման աճման ներկայիս միտումները նախադեպ չունեցող կարևորություն են տալիս վստահության ու համընդհանուր անվտանգության շահերի գերակայության սկզբունքների հիման վրա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շրջանակներում Ձեր պետությունների համագործակցությանը: Բացի այդ, Ասոցիացիան Ձեզ կոչ է անում օգտագործելու ԵԱՀԿ շրջանակներում Ձեր պետությունների միջև համագործակցության լավ մշակված ու փորձարկված մեխանիզմները, մի կազմակերպության, որը միմյանց է մոտեցնում ինչպես Ռուսաստանի Դաշնության, Ամերիկայի Միացյալ Նահանգների և Եվրամիության, այնպես էլ անվտանգության ու համագործակցության համընդհանուր արժեքներն ընդունող մի շարք պետությունների շահերը: Եվրոպայում առճակատման ներուժի ներկայիս զարգացման համատեքստում ԵԱՀԿ շրջանակներում համագործակցության ինտենսիվացումը անհրաժեշտ է առաջին հերթին Ձեր գլխավորած տերությունների` որպես համաեվրոպական անվտանգության երաշխավորների առաջատար դերի տեսակետից:…» (ՔԳՀԱ, ԴԵՌԵՎՍ ՈՒՇ ՉԷ ԽՈՒՍԱՓԵԼ ՀԱՄԱՄՈԼՈՐԱԿԱՅԻՆ ԱՂԵՏԻՑ ԴԻՄՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐ` ՆՈՐԻՆ ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՐՈՆ ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԻՆ ԵՎ ՊԱՐՈՆ ԲԱՐԱԿ ՕԲԱՄԱՅԻՆ, http://www.psaa.am/am/news/116-it-is-not-too-late-awoid-a-global-catastrophe):

Համոզված եմ, որ սույն Կոնգրեսի շրջանակներում ծավալվելիք մեր բանավեճերն ու քննարկումները, համադրելով քաղաքագիտական գիտելիքները և քաղաքական-դիվանագիտական, տնտեսական, ռազմական ու հաղորդակցային գործունեության ոլորտներում այդ գիտելիքների կիրառման վարպետությունը, կօգնեն մեզ գտնելու այն անհրաժեշտ որոշումները, որոնք ունակ կլինեն նոր ազդակ տալու քաղաքական գիտության զարգացմանը և համընդհանուր անվտանգության համակարգում կլիմայի բարեհաջող համատեղ առողջացման գործում ՙփափուկ՚ ուժի հիմքի վրա նրա վճռորոշ ազդեցության մեծացմանը:

Թույլ տվեք մեզ բոլորիս մաղթել արգասաբեր աշխատանք:

Շնորհակալություն:

Գեներալ-մայոր Հայկ Քոթանջյան, քաղաքական գիտությունների դոկտոր (ՌԴ), պրոֆեսոր, հակաահաբեկչության գծով գիտնական-փորձագետ (ԱՄՆ), ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ: