Publications Տեղի ունեցավ Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի նորացված կայքի ներկայացումը

Ապրիլի 10, 2021by admin

2015 թ. նոյեմբերի 7-ին տեղի ունեցավ Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի խորհրդի նիստը: Ասոցիացիայի Նախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հայկ Քոթանջյանը նիստի սկզբում նշեց, որ Ասոցիացիան, շարունակելով զարգացմանը միտված ռազմավարությունը, ձեռնամուխ է եղել իր պաշտոնակայքի նորացման և տեխնիկական վերազինման աշխատանքներին, ինչի շնորհիվ այսօր մասնագիտական հանրությանը ներկայանում է թարմացված կայքով:Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի Նախագահը նշեց, որ հաշվի առնելով ՀՀ-ում պետական կառավարման մոդելի փոփոխություն նախատեսող Սահմանադրական բարեփոխումների գործընթացը և տարածաշրջանային անվտանգութան դինամիկայում նկատվող զարգացումները, առավել կարևոր է դարձել նշված խնդիրների վերաբերյալ մասնագիտական մշակումների իրականացումը և դրանց հիման վրա համապատասխան գնահատումների հրապարակումը:Դոկտոր Հայկ Քոթանջյանը ընդգծեց, որ Ասոցիացիայի թարմացված կայքը ստեղծում է անհրաժեշտ հնարավորություններ՝ նշված մասնագիտական գնահատումները ժամանակակից տեղեկատվական գործիքարանի կիրառմամբ հրապարակելու համար:Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի գործադիր տնօրեն Բենիամին Պողոսյանը նշեց, որ 2011 թ. փետրվարին, հիմնադրումից ի վեր, Ասոցիացիան իր գործունեությամբ նպաստել է ՀՀ-ում քաղաքագիտության զարգացմանը, քաղաքագետների ներուժի համախմբմանը: Բենիամին Պողոսյանը ընդգծեց այն հանգամանքը, որ 2011 թ. օգոստոսից գործող Ասոցիացիայի կայքը, թարմացումից և վերազինումից հետո, էական ներբերում կունենա Ասոցիացիայի նպատակների իրականացման գործում:Այնուհետև թարմացված կայքի բովանդակային մասը ներկայացրեց Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի անդամ, քաղաքական գիտությունների թեկնածու Կարեն Գալոյանը, իսկ կայքի կառուցվածքն ու գործիքարանը՝ 2011 թ. օգոստոսից կայքի համադասող Առլեն Շահվերդյանը:Ասոցիացիայի Խորհրդի անդամները կարևորեցին թարմացված կայքի գործարկումը և պատրաստակամություն հայտնեցին իրենց կողմից պատրաստված գիտակիրառական մշակումները կայքում տեղադրելու հարցում: Շեշտվեց այն հանգամանքը, որ հաշվի առնելով կայքի ֆունկցիոնալ լայն հնարավորությունները, ինչպես նաև անգլերեն և ռուսերեն տիրույթների լիարժեք առկայությունը, այն կարող է դառնալ անվտանգային քաղաքագիտության հետազոտական արգասիքների հրապարակման պատշաճ հարթակ ինչպես հայ, այնպես էլ օտարերկրյա մասնագետների ներգրավմամբ:Նիստի վերջում Ասոցիացիայի Նախագահ դոկտոր Քոթանջյանը առաջարկեց Ասոցիացիայի նորացված կայքի գլխավոր խմբագիր նշանակել Կարեն Գալոյանին, իսկ կայքի ադմինիստրատոր՝ Առլեն Շահվերդյանին: Խորհրդի անդամները հավանություն տվեցին առաջադրված թեկնածություններին՝ վստահություն հայտնելով, որ նրանք լիարժեք կերպով կկատարեն իրենց մասնագիտական գործառույթները: