Publications Նիկոլայ Հովհաննիսյան. Հայոց ցեղասպանությունը հաստատված է միջազգային գիտական, իրավական և մարդու իրավունքների հանրության կողմից

Ապրիլի 10, 2021by admin
171303106_283135720077859_4109426010846697543_n

Լույս է տեսել ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, Հայաստանի Գիտության վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրենի խորհրդական, ՀՀ ՊՆ Դրաստամատ Կանայանի անվան Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետի խորհրդատու-Վերլուծական կենտրոնի գիտնական-վերլուծաբան, Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի խորհրդի անդամ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանի «Հայոց ցեղասպանությունը հաստատված է միջազգային գիտական, իրավական և մարդու իրավունքների հանրության կողմից» գիրքը (2015 թ., ISBN 978-9939-52-929-5):

Հեղինակն այն նվիրել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ իրագործված Օսմանյան կայսրությունում 100 տարի առաջ: Հայ ականավոր ցեղասպանագետը մոտ կես դար է, ինչ ուսումնասիրում է Հայոց ցեղասպանության, ինչպես նաև Ասիայի, Աֆրիկայի և Եվրոպայի տարբեր երկրներում XX-XXI դարերում տեղի ունեցած ցեղասպանությունների հիմնահարցերը: Դոկտոր Հովհաննիսյանը մանրազնին կերպով վերլուծելով կուտակված վիթխարի քանակությամբ սկզբնաղբյուրները, պաշտոնական փաստաթղթերը և այլ նյութեր, վերանայում է այդ բնագավառում տիրապետող մի շարք հնացած տեսակետները՝ առաջարկելով հայեցակարգային-ռազմավարական նոր մոտեցումներ 1915 թ. Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության գնահատման հարցում:

 

Այդ հիման վրա նա հանգում է հետևյալ եզրակացությունների.

— Հայոց ցեղասպանությունն արդեն միջազգայնորեն ճանաչված ցեղասպանություն է՝ հաստատված միջազգային գիտական, իրավական և մարդու իրավունքների հանրության կողմից:

— Օսմանյան կայսրությունը ոչ միայն առաջին պետությունն է, որն իրագործել է XX դարի առաջին ցեղասպանությունը՝ Հայոց ցեղասպանությունը, այլև առաջին պետությունը, որը ճանաչել է դա 1919 թ.՝ ըստ Օսմանյան Ռազմական արտակարգ ատյանի դատավճռի:

— Թուրքիան ցեղասպանության ժխտման ինդուստրիայի հիմնադիրն է:

— Սկսվել է նոր էտապ՝ Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանության ճանաչման փուլից անցում ծանր հետևանքների վերացման և հատուցման փուլի:

«Հայոց ցեղասպանությունը հաստատված է միջազգային գիտական, իրավական և մարդու իրավունքների հանրության կողմից» գիրքը եռալեզու է՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով, կազմված է 175 էջից, այն նաև համեմված է գունազարդ քարտեզներով՝ արծարծվող խնդիրը ընթերցողին առավել պատկերավոր ներկայացնելու համար: Գիրքը լույս է տեսել «Գուրգեն Մելիքյանի հիմնադրամի» հոգածության շնորհիվ և հրատարակվել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունում:
Ինչպես հայտնի է, դոկտոր Հովհաննիսյանը Հայոց ցեղասպանության թեմայով մի շարք բացառիկ մենագրությունների ու գիտական հոդվածների հեղինակ է: Նրա աշխատությունները մեծ հեղինակություն ու ճանաչում են վայելում նաև արտասահմանում: