Publications ՀՀ ԱԺ պատվիրակությունն անցկացրել է Կնեսետի և ԱԺ­ի միջև միջխորհրդարանական պաշտոնական առաջին հանդիպումները

Ապրիլի 10, 2021by admin

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 13-­ին և 14-­ին Իսրայելի պետության Կնեսետի պաշտոնական հրավերով այցելել է Երուսաղեմ և Թել Ավիվ: Պատվիրակության կազմում եղել են ԱԺ պատգամավորներ Հրանտ Բագրատյանը, Կարեն Սարիբեկյանը, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարության Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը:

Պատվիրակությանն ուղեկցել են Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Մելքոնյանը և Իսրայելի պետությունում ՀՀ պատվավոր հյուպատոս Ցոլակ Մոմջյանը:

Երուսաղեմում ԱԺ պատվիրակությունը հանդիպել է Կնեսետի փոխնախագահ, Հայաստան­ Իսրայել բարեկամական խմբի ղեկավար Տալի Պլոսկովի, Կնեսետի արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ցախի Անեգբիի, Իսրայելի արտաքին գործերի նախարարության քաղաքական տնօրինության ղեկավար Ալոն Ուշպիցի, Մերձավոր Արևելքի և Ասիայի դեպարտամենտի ղեկավար Արիել Շաֆրանսկու, Եվրասիայի հարցերով դեպարտամենտի ղեկավար Զվի Ռավ­Ների, ինչպես նաև Իսրայել-Հայաստան առևտրի պալատի նախագահ Ցվի Կան­Տորի հետ: Կնեսետի և Ազգային ժողովի միջև միջխորհրդարանական պաշտոնական հարաբերությունների մակարդակում սրանք առաջին հանդիպումներն են, որոնց ընթացքում քննարկվել են խորհրդարանական հարաբերությունների և համագործակցության ակտիվացմանն ուղղված տարբեր հարցեր:

 

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը ՀՀ Ազգային ժողովի անունից գոհունակություն է հայտնել Իսրայելի Կնեսետին` այս տարվա ապրիլին Հայոց Ցեղասպանության 100-­ամյա տարելիցի միջոցառումներին բարձրաստիճան խորհրդարանական պատվիրակության մասնակցության համար: Կարևորվել է նաև բարեկամական խմբի գործունեության ակտիվացման անհրաժեշտությունը, քննարկվել է խմբին կից հայ­-իսրայելական ֆորում ստեղծելու գաղափարը, որտեղ հնարավոր կլինի ներգրավել նաև երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում շահագրգիռ կազմակերպություններին ու անհատներին: Կողմերն անդրադարձել են նաև ցեղասպանությունների դատապարտման և կանխարգելման գործում խորհրդարանականների ակտիվ դերակատարման անհրաժեշտությանը: Հայկական պատվիրակությունն ընդգծել է, որ հայ խորհրդարանականներն ակնկալում են, որ Կնեսետն ապագայում իր պաշտոնական դիրքորոշումը կհայտնի Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցում, և որպես ցեղասպանություն վերապրած ժողովուրդներ` հայ և հրեա ժողովուրդները, միջազգային հանրության հետ միասին կշարունակեն իրենց պայքարը մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կանխարգելման գործում: Կնեսետի փոխնախագահ, Իսրայել-­Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Տալի Պլոսկովը` շնորհակալություն հայտնելով այցելության հրավերն ընդունելու համար, կարևորել է խորհրդարանական համագործակցության անհրաժեշտությունը և նշել, որ բարեկամական խումբը Կնեսետում ապագայում ակտիվացնելու է իր գործունեությունը` նպաստելով ՀՀ-­Իսրայել կապերի ամրապնդմանը և հարաբերությունների զարգացմանը:

Կնեսետի արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ցախի Անեգբիի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակին, անվտանգության խնդիրներին, ինչպես նաև հակամարտությունների խաղաղ կարգավորմանն առնչվող հարցեր: Հայկական կողմի խնդրանքով Ցախի Անեգբին ներկայացրել է խորհրդարանական կառավարման համակարգում արտաքին հարաբերությունների, անվտանգության ու պաշտպանության, ռազմավարական նշանակության հարցերի շուրջ խորհրդարան-կառավարություն համագործակցության արդյունավետ կառավարման, վերահսկողության և օպերատիվ քաղաքական որոշումների ընդունման իսրայելական փորձը: Քննարկվել են համապատասխան հանձնաժողովների միջև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ համագործակցության հնարավորությունները:

Հայկական կողմն անընդունելի է համարել Ադրբեջանի կողմից հակահայկական քարոզչությունը, տարածաշրջանում իրավիճակի խեղաթյուրումը և կեղծ տեղեկատվության տարածումը: Մասնավորապես, ընդգծվել է այն հանգամանքը, որ Ադրբեջանը շարունակաբար խոչընդոտում է խաղաղ կարգավորման գործընթացը, դրսևորում է վտանգավոր կեցվածք, որին, ցավոք, երբեմն հավատում են նաև տարբեր խորհրդարանների պատգամավորներ: Հանդիպումների ավարտին Արտակ Զաքարյանը գործընկերներին հրավիրել է Հայաստան, ինչը սիրով ընդունվել է:

Իսրայելի ԱԳՆ­-ում հանդիպումների ընթացքում ՀՀ ԱԺ պատվիրակությունը քննարկել է Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձություններին, հայ-­իսրայելական հարաբերություններին, ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը և ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթություններին, ԵԱՏՄ շրջանակում Իսրայել-­Հայաստան տնտեսական հնարավոր համագործակցությանը, ինչպես նաև տուրիզմին և օդային հաղորդակցությանը վերաբերվող հարցեր:

Պատվիրակությունը Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանում հանդիպումներ է ունեցել նաև Սևան արքեպիսկոպոս Ղարիբյանի հետ, որի ընթացքում քննարկվել են հայ համայնքին և հոգևոր-­մշակութային կյանքին վերաբերող հարցեր: Նույն օրը պատվիրակությունը մասնակցել է Սուրբ Հարություն տաճարում մատուցված պատարագին: Այցի ավարտին պատվիրակությունը Թել Ավիվում Հոգեշնորհ Տեր Տիրան Աբեղա Հակոբյանի նախաձեռնությամբ, Սուրբ Նիկողայոս վանքին կից համայնքային կենտրոնում հանդիպել է Իսրայելի պետությունում հայ համայնքի մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: