Publications Եվրոպական ինտեգրացիա. Հայաստանի և Վրաստանի հեռանկարները

Ապրիլի 10, 2021by admin

Ս.թ. հուլիսի 2-ին Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան և Վրաստանի Սոցիալական գիտությունների կենտրոնը, «Եվրոպական ինտեգրացիա. Հայաստանի և Վրաստանի հեռանկարները» ծրագրի շրջանակներում, «Արթուրս Աղվերան Ռեզորթ» հյուրանոցում կազմակերպել էին հայ-վրացական համաժողով: Ծրագիրը իրականացվում է Հայաստանում Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության ֆինանսական աջակցությամբ:

Համաժողովին մասնակցում էին Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի և Վրաստանի Սոցիալական գիտությունների կենտրոնի անդամներ, տարածաշրջանային անվտանգության դինամիկայով զբաղվող փորձագետներ, հայ և վրացի ուսանողներ: Ողջույնի խոսքով հանդես եկան Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի նախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հայկ Քոթանջյանը, Վրաստանի Սոցիալական գիտությունների կենտրոնի վարչական տնօրեն Դիանա Լեժավան և Հայաստանում Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Նաիրա Գևորգյանը:

Համաժողովի ընթացքում հայ և վրացի փորձագետները արծարծեցին տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումների առաջ մղման գործում եվրոպական ինտեգրացիայի դերի հարցը: Վերլուծության ենթարկվեց նաև տարածաշրջանային անվտանգության դինամիկան և դրա ազդեցությունը Հայաստանի և Վրաստանի եվրոպական ինտեգրացիայի հեռանկարների վրա: Քննարկված խնդիրների վերաբերյալ տեղի ունեցավ մտքերի արդյունավետ փոխանակություն:

Ամփոփելով համաժողովը՝ Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի գործադիր տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Բենիամին Պողոսյանը շնորհակալություն հայտնեց Վրաստանի Սոցիալական գիտությունների կենտրոնին և Հայաստանում Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչությանը՝ վերջին երեք տարիների արդյունավետ համագործակցության համար և նշեց, որ Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան շարունակելու է իր ուշադրության կենտրոնում պահել հայ-վրացական հարաբերություններին առնչվող տարբեր հարցեր:

Համաժողովի վերջում ձևավորվեցին հայ և վրացի ուսանողներից կազմված աշխատանքային խմբեր, որոնք, փորձագետների գիտական համադասմամբ, հուլիս – սեպտեմբեր ամիսներին պետք է պատրաստեն Հայաստանի և Վրաստանի՝ եվրոպական ինտեգրացիայի խնդիրներին վերաբերող մշակումներ և դրանք ներկայացնեն հոկտեմբերի կեսին Վրաստանում կայանալիք երկրորդ համաժողովի ընթացքում:

Միջոցառման մասնակիցները կարևորեցին համաժողովի անցկացումը և բարձր գնահատեցին դրա կազմակերպական աշխատանքները: