Հրապարակումներ Նոր գրքի շնորհանդես

Ապրիլի 8, 2021by admin

2015 թ. հուլիսի 18-ին Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան, Վրաստանի Սոցիալական գիտությունների կենտրոնը և Հայաստանում Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի ներկայացուցչությունը համատեղ կազմակերպել էին “The Perceptions about Armenia’s and Georgia’s Policy Towards Each Other Among Two States’ Youth. Myths and Reality” («Հայաստանի և Վրաստանի` միմյանց հանդեպ իրականացվող քաղաքականության ընկալումները երկու պետությունների երիտասարդության շրջանում. միֆեր և իրականություն») գրքի շնորհանդեսը:

Շնորհանդեսին մասնակցում էին Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի և Վրաստանի Սոցիալական գիտությունների կենտրոնի անդամներ, տարածաշրջանային անվտանգության դինամիկայով զբաղվող փորձագետներ, մի շարք ՀԿ-ների ներկայացուցիչներ: Բացման խոսքով հանդես եկան Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի նախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հայկ Քոթանջյանը և Հայաստանում Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի ներկայացուցչության ղեկավար Նաիրա Գևորգյանը: Շնորհանդեսը վարում էր Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի գործադիր տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Բենիամին Պողոսյանը:

Ծրագրի գիտական խորհրդատուն Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի նախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հայկ Քոթանջյանն է: Ծրագրին մասնակցել են Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի գործադիր տնօրեն Բենիամին Պողոսյանը, ասոցիացիայի խորհրդի անդամ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Աթանեսյանը, Ասոցիացիայի անդամ, քաղաքական գիտությունների թեկնածու Միքայել Ավետիսյանը: Վրաստանի Սոցիալական գիտությունների կենտրոնից ծրագրին մասնակցել են Թբիլիսիի պետական համալսարանի դասախոս, սոցիոլոգիական գիտությունների թեկնածու, Սոցիալական գիտությունների կենտրոնի հետազոտությունների գծով տնօրեն Լիա Ծուլաձեն, Սոցիալական գիտությունների կենտրոնի գիտաշխատող, Սևծովյան տարածաշրջանային հետազոտությունների մագիստրոս Քրիստինե Մարգվելաշվիլին և Սոցիալական գիտությունների կենտրոնի գիտաշխատող, կոնֆլիկտաբանության մագիստրոս Իռինե Օզեփաշվիլին:

Գրքում ներկայացված են ՀՀ-ում և Վրաստանում հումանիտար գիտությունների բնագավառի մագիստրոսների շրջանում իրականացված ֆոկուս խմբային հարցազրույցների արդյունքները, որոնք վերաբերում են ուսանողության շրջանում երկու ժողովուրդների վերաբերյալ առկա պատկերացումներին, ինչպես նաև ՀՀ-ի և Վրաստանի` միմյանց հանդեպ իրականացող քաղաքականության վերաբերյալ ընկալումներին: Տրված է սոցիոլոգիական հետազոտությունների արդյունքների վերլուծությունը, բերվում են նաև Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի և Վրաստանի Սոցիալական գիտությունների կենտրոնի կողմից համատեղ մշակված եզրակացություններն ու առաջարկությունները:

Գրքում նշվում է, որ երկու պետությունների երիտասարդներն էլ կարևորում են երկկողմ շփումների զարգացումն ու բարիդրացիական հարաբերությունների պահպանումը: Վրաց երիտասարդներին հիմնականում անհանգստացնում է Հայաստանում ռուսական 102-րդ ռազմակայանի տեղակայման փաստը և դրա` Վրաստանի շահերի դեմ օգտագործման հնարավորությունը: Հայ երիտասարդները հիմնականում մտահոգված են Ադրբեջանի և Թուրքիայի հետ Վրաստանի ռազմավարական համագործակցության խորացմամբ: Երկու պետությունների երիտասարդները կարևորել են նաև Արևմուտք – Ռուսաստան լարված հարաբերությունների` հայ – վրացական համագործակցության վրա հնարավոր բացասական ազդեցության չեզոքացումը:

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի անունից զեկուցմամբ հանդես եկավ ասոցիացիայի խորհրդի անդամ Արթուր Աթանեսյանը, Վրաստանի սոցիալական գիտությունների կենտրոնի տեսակետը ներկայացրին Քրիստինե Մարգվելաշվիլին և Իռինե Օզեփաշվիլին:

Ելույթներից հետո տեղի ունեցած շահագրգիռ քննարկման ընթացքում մասնակիցներն իրենց մոտեցումներն արտահայտեցին երկկողմ հարաբերությունների հետագա սերտացման հնարավոր ուղիների վերաբերյալ:

Ամփոփելով շնորհանդեսը՝ Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի գործադիր տնօրեն Բենիամին Պողոսյանը, ևս մեկ անգամ շեշտելով խնդրի կարևորությունը, նշեց, որ Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան շարունակելու է իր ուշադրության կենտրոնում պահել տարածաշրջանային անվտանգության դինամիկային և ՀՀ-ի արտաքին քաղաքականությանն առնչվող հիմնախնդիրները: