Հրապարակումներ Նիկոլայ Հովհաննիսյան. Հայոց ցեղասպանությունը հաստատված է միջազգային գիտական, իրավական և մարդու իրավունքների հանրության կողմից

Ապրիլի 8, 2021by admin

Լույս է տեսել ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, Հայաստանի Գիտության վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրենի խորհրդական, ՀՀ ՊՆ Դրաստամատ Կանայանի անվան Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետի խորհրդատու-Վերլուծական կենտրոնի գիտնական-վերլուծաբան, Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի խորհրդի անդամ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանի «Հայոց ցեղասպանությունը հաստատված է միջազգային գիտական, իրավական և մարդու իրավունքների հանրության կողմից» գիրքը (2015 թ., ISBN 978-9939-52-929-5):

Հեղինակն այն նվիրել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ իրագործված Օսմանյան կայսրությունում 100 տարի առաջ: Հայ ականավոր ցեղասպանագետը մոտ կես դար է, ինչ ուսումնասիրում է Հայոց ցեղասպանության, ինչպես նաև Ասիայի, Աֆրիկայի և Եվրոպայի տարբեր երկրներում XX-XXI դարերում տեղի ունեցած ցեղասպանությունների հիմնահարցերը: Դոկտոր Հովհաննիսյանը մանրազնին կերպով վերլուծելով կուտակված վիթխարի քանակությամբ սկզբնաղբյուրները, պաշտոնական փաստաթղթերը և այլ նյութեր, վերանայում է այդ բնագավառում տիրապետող մի շարք հնացած տեսակետները՝ առաջարկելով հայեցակարգային-ռազմավարական նոր մոտեցումներ 1915 թ. Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության գնահատման հարցում:

 

 

Այդ հիման վրա նա հանգում է հետևյալ եզրակացությունների.

— Հայոց ցեղասպանությունն արդեն միջազգայնորեն ճանաչված ցեղասպանություն է՝ հաստատված միջազգային գիտական, իրավական և մարդու իրավունքների հանրության կողմից:

— Օսմանյան կայսրությունը ոչ միայն առաջին պետությունն է, որն իրագործել է XX դարի առաջին ցեղասպանությունը՝ Հայոց ցեղասպանությունը, այլև առաջին պետությունը, որը ճանաչել է դա 1919 թ.՝ ըստ Օսմանյան Ռազմական արտակարգ ատյանի դատավճռի:

— Թուրքիան ցեղասպանության ժխտման ինդուստրիայի հիմնադիրն է:

— Սկսվել է նոր էտապ՝ Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանության ճանաչման փուլից անցում ծանր հետևանքների վերացման և հատուցման փուլի:

«Հայոց ցեղասպանությունը հաստատված է միջազգային գիտական, իրավական և մարդու իրավունքների հանրության կողմից» գիրքը եռալեզու է՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով, կազմված է 175 էջից, այն նաև համեմված է գունազարդ քարտեզներով՝ արծարծվող խնդիրը ընթերցողին առավել պատկերավոր ներկայացնելու համար: Գիրքը լույս է տեսել «Գուրգեն Մելիքյանի հիմնադրամի» հոգածության շնորհիվ և հրատարակվել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունում:
«Հայոց ցեղասպանությունը հաստատված է միջազգային գիտական, իրավական և մարդու իրավունքների հանրության կողմից» գրքի շապիկի հետին էջը, որտեղ նշված են անվանի գիտնականի մենագրությունները նվիրված Հայոց ցեղասպանությանը
Ինչպես հայտնի է, դոկտոր Հովհաննիսյանը Հայոց ցեղասպանության թեմայով մի շարք բացառիկ մենագրությունների ու գիտական հոդվածների հեղինակ է: Նրա աշխատությունները մեծ հեղինակություն ու ճանաչում են վայելում նաև արտասահմանում: