Սեմինարի ընթացքում անդրադարձ է եղել ԵՄ շրջանակում հակամարտությունների կառավարման հնարավորություններին, ինչպես նաև ԵՄ հարևանության քաղաքականության ծրագիրն ընդգրկող պետություններում հակամարտությունների կառավարման գործընթացների համեմատական քննադատական վերլուծությանը:
Սեմինարի թեմաներից էին նաև տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման ԵԱՀԿ ձևաչափի և փորձի գնահատումը, ԵՄ զարգացման հեռանկարներում Թուրքիայի հնարավոր դերակատարությունը, Հունաստանում տեղի ունեցող ֆինանսատնտեսական ճգնաժամի հաղթահարման ԵՄ ջանքերն ու դրանց արդյունավետության գնահատումը:
Սեմինարին մասնակցել են տարբեր պետությունների փորձագետներ, այդ թվում ԱՄՆ-ից /Դոկտոր Սերգեյ Կոնոպլյով, Հարվարդի համալսարան/, Մեծ Բրիտանիայից /Պրոֆեսոր Սթեֆան Վոլֆ, Բիրմինգեմի համալսարան, և դոկտոր Դեյվիդ Գելբրեյթ, Բեթի համալսարան/, Ուկրաինայից /պրոֆեսոր Տատյանա Մալյարենկո, Ինստիտուցիոնալ հետազոտությունների միջազգային ընկերակցություն/, ինչպես նաև Կանադայից, Հունաստանից, Ղազախստանից, Ղրղզստանից, ՌԴ-ից և Իտալիայից: Մասնակիցները հանդես եկան զեկույցներով և մասնակցեցին կլոր սեղան-քննարկումներին: Նախատեսվում է սեմինարի նյութերի ժողովածուի հրատարակում: