Փետրվարի 17-ին ԼՂՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում աշխատանքները սկսեց ԼՂՀ հռչակման 20-րդ տարեդարձին նվիրված «ԼՂՀ անկախության 20-ամյակը. իրողություններ և հեռանկարներ» թեմայով միջազգային գիտաժողովը։ Միջոցառումն անց է կացնում ԼՂՀ հռչակման 20-րդ տարեդարձի տոնակատարության կազմակերպման և համակարգման պետական հանձնաժողովը՝ ՀՀ Սահմանադրական իրավունքի կենտրոնի, Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի մասնակցությամբ և News.am լրատվական-վերլուծական գործակալության գործընկերությամբ։
Գիտաժողովի աշխատանքներին, բացի Արցախից և Հայաստանից, մասնակցում են նաև աշխարհի մի շարք այլ երկրներից՝ Ռուսաստանից, Մեծ Բրիտանիայից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Լեհաստանից, Հոլանդիայից, Հունաստանից և Գերմանիայից ժամանած անվանի քաղաքական փորձագետներ ու վերլուծաբաններ։ Որպես հրավիրյալներ մասնակցում են հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների, Անվտանգության խորհրդի, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի պատասխանատուներ, կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, իրավագետներ, քաղաքական վերլուծաբաններ, բարձրագույն կրթական հաստատությունների դասախոսներ, լրագրողներ։ Նախատեսված զեկուցումները, ըստ հեղինակների թեմատիկ նախընտրանքի, հիմնականում վերաբերում են տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումներում Լեռնային Ղարաբաղի տեղին ու դերին, ղարաբաղյան կարգավորման գործընթացին, Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հնարավորություններին ու հեռանկարին, հայոց համազգային հարթությունում ղարաբաղյան հիմնահարցի նշանակությանը, իրավական պետության կառուցման մեր քսանամյա փորձին, նորանկախ երկրում մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանության, հանրային-պետական կյանքի ոլորտներում սահմանադրականության ապահովման և այլ հրատապ խնդիրների ու հարցերի։ Գիտաժողովը կտևի երկու օր։ Լիագումար նիստից հետո, որը տեղի ունեցավ օրվա առաջին կեսին, քննարկումները շարունակվում են բաժանմունքներում՝ ըստ հետևյալ թեմատիկ ընդգրկումների. ՙԼեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության իրավական հիմքերը՚, ՙԼՂՀ տեղն ու դերը տարածաշրջանային և միջազգային գործընթացներում՚, ՙՂարաբաղյան հիմնահարցը՝ որպես համազգային խնդիր՚։ Քննարկումները կամփոփվեն գիտաժողովի երկրորդ օրը՝ եզրափակիչ լիագումար նիստում։ Գիտաժողովի լիագումար նիստը վարում էր ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը։ ԼՂՀ իշխանությունների անունից ողջունելով միջոցառման մասնակիցներին, խորհրդարանի նախագահն ասաց. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման պահից անցել է քսան տարի, բայց 1991թվականի սեպտեմբերի 2-ի բախտորոշ որոշումը Արցախի ժողովրդի համար շարունակում է մնալ որպես պատմական, հասարակական-քաղաքական և իրավական անգնահատելի արժեք։ Հայ ժողովուրդը դարեր շարունակ երազել է վերականգնել իր կորցրած պետականությունը, ունենալ ազատ ու անկախ հայրենիք և իր արժանի տեղը զբաղեցնել միջազգային հանրության շարքում: Եվ Արցախը, ինչպես ԼՂՀ հռչակման 20-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը նշել է հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, միշտ եղել է այդ գաղափարների կրողն ու ազգային պետականության վերականգման առաջամարտիկը»: Խորհրդարանի նախագահի խոսքով. «Անցյալ դարավերջի աշխարհաքաղաքական իրողությունները, ցավոք, հնարավորություն չընձեռեցին ստեղծել միասնական հայկական ազգային պետություն: Եւ Արցախում հռչակվեց ինքնուրույն պետականություն: Կայացնելով այդ պատմական որոշումը` Արցախի ժողովուրդն ի լուր աշխարհի ազդարարեց ազատ ու անկախ ապրելու, սեփական հողում սեփական ճակատագիրն ազատորեն տնօրինելու իր անխախտ վճիռը։ Անցած երկու տասնամյակներին մենք չենք շեղվել այդ ճանապարհից, շարունակում ենք մեր ընթացքը` ժողովրդավարական սկզբունքների հաստատման, քաղաքացիական հասարակության կառուցման, անկախ պետականության կերտման և նրա միջազգային ճանաչմանը հասնելու ուղով»: Գոհունակություն հայտնելով գիտաժողովի աջակից կազմակերպություններին ու նրանց ղեկավարներին` լիագումար նիստը իր հետ համանախագահող Գագիկ Հարությունյանին և Հայկ Քոթանջյանին, ԱԺ նախագահը տեղեկացրեց, որ դահլիճում են նաև ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը` խորհրդարանի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ, ինչպես նաև ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը: Նշելով, որ գիտաժողովն անց է կացվում համաժողովրդական տոնի՝ Արցախի վերածննդի օրվա նախաշեմին, խորհրդարանի նախագահը ներկաներին և հանձին նրանց՝ արցախահայությանը, համայն հայությանը, հայ ժողովրդի բոլոր բարեկամներին շնորհավորեց հայոց նորագույն պատմության այս նշանակալի ելակետային իրադարձության՝ Ղարաբաղյան շարժման հերթական՝ 24-րդ տարեդարձի և Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ։ ԱԺ նախագահի բնորոշմամբ՝ գիտաժողովը, լինելով փորձագիտական-քաղաքագիտական բնույթի միջոցառում, նպատակ ունի տեսականորեն վերլուծել, իմաստավորել պետական անկախության անցած երկու տասնամյակում մեր ժողովրդի քաղաքական և իրավական ձեռքբերումներն ու, ինչու չէ՝ նաև բացթողումները տարածաշրջանային և աշխարհաքաղաքական գործընթացների համատեքստում, ուրվագծել իրադարձությունների հետագա հնարավոր զարգացումները և դրանցից բխող մեր ակնկալիքներն ու անելիքները։ Խոսքի ավարտին խորհրդարանի նախագահը համոզմունք հայտնեց, որ գիտաժողովի թեմատիկ քննարկումներն ու դրանց ընթացքում հնչած տեսակետները և գաղափարները, ամփոփիչ եզրահանգումներն զգալի տեսական աջակցություն ու խթան կհանդիսանան պատմական բնօրրանում իր ազգային ազատությունը և անկախությունը բազում տառապանքների ու զոհողությունների գնով նվաճած, խաղաղասեր ու ստեղծարար աշխատանքով հայրենի երկիրը վերակերտող ու շենացնող Արցախի ժողովրդի օրինական իղձերի ու նպատակների իրականացման, աշխարհի ժողովուրդների ընտանիքում իրավահավասարի իր վաստակած տեղն ունենալու համար։ Լիագումար նիստում հանդես գալով ողջույնի խոսքով, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, քաղաքական գիտության հայկական ասոցիացիայի նախագահ Հայկ Քոթանջյանը և ՀՀ հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը կարևորեցին գիտաժողովի տեսական ու գործնական նշանակությունը ղարաբաղյան կարգավորման գործընթացում։ Լիագումար նիստում թեմատիկ զեկուցումներով հանդես եկան ԼՂՀ ԱԺ պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը («Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական հետաքրքրությունները հավասարակշռող սուբյեկտ»), Գերմանիայից Համբուրգի համալսարանի պրոֆեսոր, իրավաբանական գիտությունների դոկտոր Օտտո Լյուխտերհանդտը («ԼՂՀ անկախության համեմատական-իրավական վերլուծություն»), ՌԴ «Ռեգնում» դաշնային լրատվական գործակալության գլխավոր խմբագիր, պատմական գիտությունների թեկնածու Մոդեստ Կոլերովը («Նոր հատվածականությունը և նոր ինտեգրումն Անդրկովկասում») և ՀՀ պաշտպանության նախարարության ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, պաշտպանության նախարարի խորհրդական, քաղաքագիտության դոկտոր Հայկ Քոթանջյանը («Ղարաբաղյան հակամարտություն. տարածաշրջանային անվտանգության դինամիկայի ասիմետրիկ բնույթը»)։ Ինչպես լիագումար նիստում, նույնպես և թեմատիկ բաժանմունքներում հնչած զեկուցումները հիմնականում վերաբերում են տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումներում Լեռնային Ղարաբաղի տեղին ու դերին, ղարաբաղյան կարգավորման գործընթացին, Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հնարավորություններին ու հեռանկարին, հայոց համազգային հարթությունում ղարաբաղյան հիմնահարցի նշանակությանը, իրավական պետության կառուցման մեր քսանամյա փորձին, նորանկախ երկրում մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանության, հանրային-պետական կյանքի ոլորտներում սահմանադրականության ապահովման և այլ հրատապ խնդիրների ու հարցերի։ Նույն օրը՝ երեկոյան կողմ, ԱԺ նիստերի դահլիճում՝ գիտաժողովի ծրագրային շրջանակներում, տեղի ունեցան Մոսկվայում, Երևանում և Ստեփանակերտում վերջերս լույս ընծայված գրքերի շնորհանդեսներ։ Միջոցառման մասնակիցներին ներկայացվեցին պատմաբան, քաղաքագետ ու փորձագետ Ստանիսլավ Տարասովի օրերս հրատարակված «Առասպելներ ղարաբաղյան հակամարտության մասին» հոդվանծների ժողովածուն, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի հրատարակած «Նոր մոտեցումներ ԼՂՀ հիմնահարցին» (գիտաժողովի նյութեր) զեկուցումների ժողովածուն և ԼՂՀ ԱԺ պատգամավոր, ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Արցախի պետհամալսարանի պրոֆեսոր Արպատ Ավանեսյանի «Արցախի գիտակրթական համակարգը. կայացման ընթացք, զարգացման միտումներ» մենագրությունը։ Փետրվարի 18-ին գիտաժողովը կշարունակի աշխատանքները։
ԼՂՀ ԱԺ ՄԱՄԼՈ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ