ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԳԵՏՆԵՐԻ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ԷԹԻԿԱՅԻ ՈՒՂԵՆԻՇՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ

Ս. թ. դեկտեմբերի 22-ին տեղի ունեցած Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի (ՔԳՀԱ) Խորհրդի նիստում քննարկվեց Հայաստանի քաղաքագետների մասնագիտական էթիկայի ուղենիշների նախագիծը: Մշակումը կատարվում է Հայաստանի ԱՄՆ-ի շրջանավարտների ասոցիացիայի հետ համագործակցությամբ: Պրոֆեսիոնալ էթիկայի ուղենիշների նախագիծը ՔԳՀԱ Խորհրդի քննարկմանն էին ներկայացրել գիտություննների երիտասարդ թեկնածուներ Համազասպ Դանիելյանը և Բենիամին Պողոսյանը:

Նախագծի հիմքում զեկուցման հեղինակները դրել էին քաղաքական գիտությունների ոլորտում կատարվող դասավանդման և հետազոտությունների ժամանակ կոմպետենտության, ազնվության, ակադեմիական ազատության և անկախության, թափանցիկության, մասնագիտական պատասխանատվության և հանդուրժողության սկզբունքները: Նախագծի մշակման ժամանակ հաշվի է առնվել ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Գերմանիայի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, և Ֆրանսիայի քաղաքական ասոցիացիաների փորձը:

Նախագծի քննարկումներին ակտիվորեն մասնակցեցին Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը, քաղաքական գիտությունների դոկտորներ` Կառավարման ակադեմիայի քաղաքագիտության ամբիոնի վարիչ Մարիամ Մարգարյանը, Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Արթուր Աթանեսյանը, Մանկավարժական համալսարանի քաղաքաքիտության ամբիոնի վարիչ Լևոն Շիրինյանը, ԱՊՀ երկրների ռուսաստանյան ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարգարովը, ՀՀ ԱԳՆ բաժնի վարիչ պատմական գիտությունների դոկտոր Արսեն Ավագյանը, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Վահրամ Տեր-Մաթևոսյանը, տեղեկատվական տեխնոլոգիաների «Սինոփսիս-Հայաստան» ՓԲԸ տնօրեն, տեխնիկական գիտությունների թեկնածու Հովիկ Մուսայելյանը, ՔԳՀԱ գործադիր տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Բենիամին Պողոսյանը, Հայաստանի պետական ծառայողների միության նախագահ, քաղաքական գիտությունների թեկնածու Վաչե Քալաշյանը և ուրիշներ:

Հայաստանի քաղաքագետների պրոֆեսիոնալ էթիկայի ուղենիշների նախագիծը քննարկման արդյունքներով վերանայումից հետո կներկայացվի Հայաստանի քաղաքագետների մասնագիտական հանրության քննարկմանը:

Խորհրդի նիստը վարում էր Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի նախագահ, Ռազմական գիտությունների ռուսաստանյան ակադեմիայի իսկական անդամ, քաղաքական գիտությունների դոկտոր (ՌԴ), հակաահաբեկչության գծով գիտնական փորձագետ (ԱՄՆ) Հայկ Քոթանջյանը:

administrator

Related Articles

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով