Header ARM PNG

Վերջին հրապարակումներ

Այցելություններ

Flag Counter

715722
Այսօր
Երեկ
Այս շաբաթ
Անցած շաբաթ
Այս ամիս
Անցած ամիս
Ամբողջը
199
878
6032
701382
25701
48206
715722

Ղարաբաղյան հակամարտության գոտում ժողովրդավարության առաջմղումը հակամարտող կողմերի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության համար խաղաղաշինության ռեսուրս է

PSAA SessionՔաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի խորհուրդը, Հայաստանի Հանրապետության խորհրդարանական ընտրությունների նախաշեմին քննարկելով Արցախի Հանրապետությունում 2017 թ. փետրվարի 20-ի սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների 2017 թ. փետրվարի 17-ի հայտարարությունը, ընդունեց դիմում` ուղղված ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը:

Ստորև հրապարակվում է Դիմումի լրիվ տեքստը, որը տրամադրել է Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի Նախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հայկ Քոթանջյանը:

 

Ղարաբաղյան հակամարտության գոտում ժողովրդավարության առաջմղումը հակամարտող կողմերի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության համար խաղաղաշինության ռեսուրս է

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան պատիվ ունի Ղարաբաղյան զինված հակամարտության տուրբուլենտ գոտում և նրան շրջապատող Մեծ Մերձավոր Արևելքի պայթյունավտանգ տարածաշրջանում խաղաղության պահպանման հարցով դիմելու Ձերդ Գերազանցություններ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար պարոն Լամբերտո Զանիերին, ՌԴ արտաքին գործերի նախարար պարոն Սերգեյ Լավրովին, ԱՄՆ-ի պետքարտուղար պարոն Ռեքս Թիլերսոնին, Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար պարոն Ժան-Մարկ Էյրոյին:

2017 թ. փետրվարի 20-ին Արցախի Հանրապետությունում (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) անցկացվեց հանրապետության նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ համաժողովրդական հանրաքվե։ Քվեարկությանը մասնակցեց գրանցված ընտրողների 76,44 %-ը, որից 87,6 %-ը կողմ քվեարկեց նոր Սահմանադրության ընդունմանը։ Քվեարկության ընթացքին հետևեցին 30 երկիր ներկայացնող ավելի քան 100 միջազգային դիտորդներ, որոնք դրականորեն գնահատեցին հանրաքվեի կազմակերպումը և հաստատեցին միջազգային չափանիշներին նրա խիստ համապատասխանությունը (NKR MFA Statement, http://www.nkr.am/en/news/2017-02-21/903/):

2017 թ. փետրվարի 20-ի սահմանադրական հանրաքվեն հերթական քայլ էր, որ կատարվեց Արցախի Հանրապետությունում իրագործվող լեգիտիմ հաստատութենական շինարարությունում, որը հիմնվում է բնակչության ժողովրդավարական կամաարտահայտման վրա՝ որպես Արցախի անկախության հարցով 1991 թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեի արդյունքների իրացման և ըստ այդմ միջազգային իրավունքի ու տվյալ ժամանակապահին գործող խորհրդային օրենսդրության նորմերին համապատասխան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ստեղծման շարունակություն (Закон СССР «О порядке решения вопросов, связанных с выходом союзной республики из СССР» No 1410-1 от 3 апреля 1990 г.». «Ведомости Съезда народных депутатов СССР» Верховного Совета СССР, 1990, No 15; «Акт о результатах референдума о независимости Нагорно-Карабахской Республики», http://www.nkr.am/ru/referendum/42/):

Արցախի Հանրապետության հարևան պետություններում՝ Հայաստանի Հանրապետությունում և Ադրբեջանի Հանրապետությունում, իրագործվող պետութենաշինության ընթացքի համեմատական վերլուծությունը ցույց է տալիս ժողովրդավարության զարգացման տեսանկյունից դրանց սկզբունքային բազմավեկտորությունը: Լեռնային Ղարաբաղի պետութենաշինությունում հանրաքվեի՝ որպես ուղղակի ժողովրդավարության գործիքի կիրառման հերթական դրական արդյունքի գրանցումից անմիջապես հետո հարևան Ադրբեջանում կարելի է դիտել հակառակ միտումը՝ հետընթաց դեպի ամբողջատիրություն: Մասնավորապես՝ Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչը այն փաստը, որ 2017 թ. փետրվարի 21-ին Ադրբեջանի նախագահն իր կնոջը՝ Մեհրիբան Ալիևային, նշանակեց Ադրբեջանի առաջին փոխնախագահի պաշտոնում, որակեց որպես միապետական կարգերի հաստատմանն ուղղված քայլ (Former US Ambassador to Azerbaijan Speaks Out Against Choice of First Lady as VP, Published on 23 February 2017, https://www.meydan.tv/en/site/politics/21308/): Դրա հետ մեկտեղ, Ադրբեջանի իշխող վարչակարգը ընդդիմության նկատմամբ պարբերաբար գործադրում է բռնաճնշումներ՝ ձգտելով հանրապետությունում սանձելու այլակարծության ցանկացած դրսևորում: Մեծ թվով ընդդիմադիր գործիչներ դատապարտված են տարբեր հոդվածներով, ստիպված լքել են երկիրը, իսկ շատ միջազգային կազմակերպություններ բազմիցս ուշադրություն են հրավիրել մարդու իրավունքների հարցում Ադրբեջանում ստեղծված իրավիճակի վրա՝ այն որակելով որպես անընդունելի (ORWELLIAN BIG BROTHER CHAIRING AT THE COMMITTEE OF MINISTERS OF THE COUNCIL OF EUROPE. Europe Et Orient, dimanche 31 août 2014, http://europeetorient.blogspot.am/2014/08/orwellian-big-brother-chairing-at.html):

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան վերլուծել է տվյալ փաստերը, որոնք վկայում են, որ Ադրբեջանում տեղի է ունենում հետզհետե խորացող համակարգային ամբողջատիրացում, որին զուգահեռաբար այդ պետության էներգետիկ պաշարները ծառայեցվում են նեղ կլանային շահերին և օգտագործվում են Ադրբեջանի Հանրապետության բյուջեի ռազմականացման համար ու դրա հետևանքով՝ որպես Ղարաբաղյան հակամարտության սուր ռազմական փուլի վերսկսման հիմնական գործոն: Նշված միտումները ցայտունորեն տարբերվում են Հայաստանի և Արցախի հանրապետություններում դիտվող պատկերի հետ, այն է՝ Հայաստանի Հանրապետությունում վերջերս իրագործված սահմանադրական բարեփոխման հետ, որի շնորհիվ պետությունն անցնում է խորհրդարանական ձևի կառավարման: Այսպիսով՝ ժողովրդավարական հաստատությունների զարգացման գործում, մի կողմից, Հայաստանի Հանրապետության ու Արցախի Հանրապետության և, մյուս կողմից, Ադրբեջանի Հանրապետության միջև առկա է խորացող անջրպետ, որը միանշանակ կերպով դրսևորվեց 2015 թ. դեկտեմբերի 6-ին Հայաստանում, 2016 թ. սեպտեմբերի 26-ին Ադրբեջանում և 2017 թ. փետրվարի 20-ին Արցախի Հանրապետությունում անցկացված հանրաքվեներում:

Հայաստանի Հանրապետությունում կայացած սահմանադրական հանրաքվեի արդյունքներով ընդունվեց Հիմնական օրենք, որը նպատակաուղղված է պետական իշխանության խորհրդարանական մոդելին անցման ընթացքում ժողովրդավարության հետագա առաջմղմանը, ինչի վկայությունն են հանրաքվեի արդյունքներին ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի տված գնահատականները (OSCE/ODIHR final report on Armenia’s Constitutional Referendum recommends inclusive electoral reform. 5 February 2016: http://www.osce.org/odihr/elections/220781):

Սահմանադրական փոփոխությունների և ժողովրդավարության պաշտպանության գծով Ադրբեջանի ստանձնած միջազգային պարտավորությունների միջև հակասությունը նշված էր Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ԱՄՆ-ի առավել հեղինակավոր կառույցներից մեկի՝ Հելսինկյան հանձնաժողովի նամակում, որը նա գրել էր Իլհամ Ալիևին հանրաքվեի անցկացումից առաջ: Այդ նամակում, մասնավորապես, ասված էր. «Նախագահության ժամկետների երկարաձգումը և նախագահական լիազորությունների ընդլայնումը սահմանադրական փոփոխությունները դարձրին չարաշահումների նկատմամբ զգայուն և քաղաքական իշխանությունը դարձրին ադրբեջանական ժողովրդի կամքի նկատմամբ սակավ զգայուն: Մեզ առանձնակի անհանգստացնում են այն փոփոխությունները, որոնք սահմանափակում են հիմնական իրավունքները, քանի որ դրանք կենսականորեն կարևոր են հրապարակային քննարկումների բացությունը և կառավարության հաշվետվողականությունը ապահովելու համար (Azerbaijan’s Constitutional Referendum Creates Crisis of Legitimacy, https://www.csce.gov/international-impact/press-and-media/press-releases/azerbaijan-s-constitutional-referendum-creates?&&&&sort_by=field_date_value&page=3):

Նման պայմաններում ԼՂՀ-ում հետևողականորեն իրականացվում է ծավալված ժողովրդավարական պետութենաշինությունը: 1991 թվականից ԼՂՀ-ում անցկացվում են մրցակցային նախա­գահական ու խորհրդարանական ընտրություններ, 1998 թվականից ընտրությունների միջոցով ձևավորվում են տեղական ինքնակառավարման մարմինները: Միջազգային դիտորդների գնա­հատմամբ՝ որպես ԼՂՀ-ում ժողովրդավարական հաստա­տությունների ամրապնդմանն ու քաղաքացիական հասարակության զարգացմանը նպատակաուղղված քայլ՝ ընտրություններն անցկացվում են ըստ հանրապետության ընտրական օրենսգրքի և միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչում ստացած նորմերի (Statement of the International Independent Observation Mission on Nagorno – Karabakh Parliamentary Elections 2015, http://cecnkr.am/wp-content/uploads/2015/05/1.Statement-NKR-Election-Final.pdf, “British political scientist: Parliamentary elections in Nagorno Karabakh show that it is more democratic than Azerbaijan”, 13/05/2015 http://www.panorama.am/en/news/2015/05/13/elections-nkr/53787):

ԼՂՀ-ում 2006 թ. հանրաքվեով ընդունված ԼՂՀ Սահմանադրությունը պետութենաշինությանը հաղորդեց ավելի համակարգված բնույթ (Constitution of the Nagorno Karabagh Republic: http://www.president.nkr.am/en/constitution/fullText/): ԼՂՀ բնակչությունն այսօր ունի ներպետական կյանքի կազմակերպման, քաղաքական ու պետական կառույցների ձևավորման, ինչպես նաև ժողովրդավարական հաստատությունների զարգացման բոլոր իրավական և քաղաքական գործիքները:

Ներկայումս Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որը վերջին սահմանադրական հանրաքվեի արդյունքներով վերանվանվել է Արցախի Հանրապետություն, իր քաղաքական մշակույթով և ժողովրդավարական հաստատությունների զարգացման մակարդակով, էապես գերազանցում է Ադրբեջանի Հանրապետությանը: Դրա հաստատումն է «Freedom House» կազմակերպության «Ազատությունն աշխարհում 2017» զեկույցը, որտեղ Ադրբեջանն ընդգրկված է «ոչ ազատ» պետությունների շարքում, այն դեպքում, երբ Լեռնային Ղարաբաղը և Հայաստանի Հանրապետությունը «մասնակի ազատների» թվում են (Freedom House “Freedom in the World 2017”, https://freedomhouse.org/report/freedom-world/freedom-world-2017):

2017 թ. փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը շփման գծի երկայնքով իրադրության սրումը ևս մեկ անգամ ցուցադրեց հրադադարի ռեժիմի խախտման մեղավորների բացահայտման պրոբլեմայնությունը, և շեշտեց 2016 թ. Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթնաժողովներում հրադադարի խախտումների վերահսկման մեխանիզմների ներդրման վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունների արդյունավետ իրագործման հրատապությունը (Joint Statement of the Minister of Foreign Affairs of the Russian Federation, Secretary of State of the United States of America and State Secretary for Europe Affairs of France. http://www.osce.org/mg/240316):

Ընդսմին, ի տարբերություն այլ հակամարտություններից (ՈՒկրաինա, Սիրիա), Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման նկատմամբ ՌԴ, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դիրքորոշումներում առկա շարունակական համաձայնությունը հնարավորություն է տալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը դիտելու որպես տվյալ պետությունների միջև կառուցողական երկխոսության մեկնարկման համար նպաստավոր հարթակ (Carey Cavanaugh, Renewed Conflict Over Nagorno Karabakh, http://www.cfr.org/regional-security/renewed-conflict-over-nagorno-karabakh/p38843):

Այս առումով արդյունավետ կարող է լինել Մինսկի խմբի համանախագահ պետությունների ուղեծրային միջոցներով Ղարաբաղյան հակամարտության ամբողջ գոտում պատերազմական գործողություններին կողմերի նախապատրաստման վերահսկումը մերձերկրային տիեզերական տարածությունից: Պատերազմի զսպման գործում ուղեծրային խորազննման բարձր տեղեկատվահաղորդակցային տեխնոլոգիաների նման նորամուծական կիրառումը կարող է նաև դառնալ փորձնական հարթակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջև նպատակային հետախուզական տեղեկույթն ի շահ խաղաղաշինության փոխանակելու համար: Քաղաքական-դիվանագիտական և ռազմական զսպման գործում տվյալ նորամուծությունը հաջողության դեպքում կարող է կիրառվել համընդհանուր մասշտաբով, որպեսզի կանխվի Ղարաբաղյան հակամարտության նման տեղային սառեցված հակամարտությունների վերաճումը պատերազմի, որում աղետալի կերպով կներգրավվեն դերակատարներն այնպիսի անկայուն տարածաշրջաններից, ինչպիսիք են Հարավային Կովկասը, Մերձավոր Արևելքը և Կենտրոնական Ասիան (МГ ОБСЕ - платформа консенсуса РФ, США и Франции в сдерживании войны. REGNUM, 9 ноября 2016 г., https://regnum.ru/news/polit/2207408.html; The OSCE Minsk Group as a Platform for unbroken consensus of positions among the RF, USA and France in deterring a War: Kharabakh’s example, Geostrategic Pulse, N 225, 5 December 2016):

Ելնելով վերը շարադրվածից՝ մենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություններին կոչ ենք անում Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում, համապատասխանաբար, 2015 թ. դեկտեմբերի 6-ին և 2017 թ. փետրվարի 20-ին անցկացված սահմանադրական հանրաքվեները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում կայանալիք խորհրդարանական ընտրությունները դիտելու որպես Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում ժողովրդավարական հաստատութենական շինարարության փուլ, ինչպես նաև թե՛ Ղարաբաղյան զինված հակամարտության տուրբուլենտ գոտում, թե՛ Մեծ Մերձավոր Արևելքի շրջակա պայթյունավտանգ տարածաշրջանում կայունության և անվտանգության հաստատումն ապահովող գործոն:

Գործընկերներ

 

NDRU MOD RA Logo INSS Logo ENG Academic Foundation JPG logo EPH hayagitutyn logo css logo print Logo Friedrich Ebert Stiftung EPF logo Harvard Black Sea Security Program, Harvard US-Russia Security Program SIDA-logga-texteng-JPG Centrului de Studii Est-Europene si Asiatice -CSEEA logo RAPN